Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը շնորհավորեց լրագրողներին՝ այսօր Սահմանադրության փոփոխություններն այսօր ուժի մեջ մտնելու կապակցությամբ։
«Ես համարում եմ, որ սա ՍԴ ճգնաժամի լուծում է և միանշանակորեն ողջունում եմ Ազգային ժողովի այս քայլը։ Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով և, իմ կարծիքով, սա պատմական քայլ է եղել։ Դրա պատմակությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ՝ ԱԺ-ն հանդես գալով սահմանադրի անունից, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով, այդ փոփոխությունը նվիրել է հենց բարձրագույն դատական ատյանին՝ Սահմանադրական դատարանին, դրանով ընդգծելով հենց Հայաստանի ՍԴ-ի կարևորությունը պետական իշխանության մարմինների համակարգում և այն դիտել է որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման»,- այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանի բակում ասաց Վահե Գրիգորյանը։
Նա նշեց, որ այսուհետ կմասնակցի նիստերին, ՍԴ-ում կա 6 դատավոր և դա բավարար քվորում է՝ Սահամնադրությամբ 168-րդ հոդվածով նախատեսված ՍԴ բոլոր լիազորությունների իրականացման համար։
Վահե Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել իր նախկին կոլեգաների՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ՍԴ անդամներ Ֆելքիս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի հայտարարությունները։
Դատավորը նաև հայտնեց, որ սա լավ հնարավորություն է, որ Սահմանադրական դատարանը վերականգնի իր հեղինակությունը։