Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Իր զեկույցում շրջվարչակազմի ղեկավար Բախշիյանը ներկայացրել է շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքի, բերքահավաքի աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին տեղեկատվություն:
Նա, մասնավորապես, անդրադարձել է երաշտի պատճառով շրջանի որոշ համայնքներում առաջացած խմելու և ոռոգման ջրի սակավության, բնակարանաշինության, միջհամայնքային ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցերին:
Նախագահը նշել է, որ սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում շինանյութերի ձեռքբերման համար պետական բյուջեից կհատկացվի 100 մլն ՀՀ դրամ, ևս 100 մլն ՀՀ դրամի չափով վարկ կտրամադրվի «Ջրաբերդշին» ընկերությանը՝ շինաշխատանքների ընթացքում առաջացող հրատապ խնդիրների լուծման համար:
Անդրադառնալով շրջանում առկա գյուղատնտեսական խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը կաջակցի այն հողօգտագործողներին, ովքեր ընթացիկ տարում գարու ցածր բերքատվության պատճառով վնաս են կրել՝ նրանց տրամադրելով գարու սերմացու: Նախագահն ավելացրել է, որ շուտով իր լուծումը կստանա նաև Մարտակերտի շրջանի դաշտերի ոռոգման խնդիրը, քանի որ մոտ ժամանակներս կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս:
Երկրի ղեկավարի խոսքով՝ մեծածավալ ֆինանսական միջոցներ են հատկացվելու ներհամայնքային ճանապարհների սալապատման, զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդրի լուծման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: