Առողջապահության նախարարությունը՝ ԱՀԿ-ի առաջարկների և այլ երկրների օրինակի մասին՝ դիմակ կրելու վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների համաձայն` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է համալիր կանխարգելիչ միջոցառումներով, ինչպիսիք են դիմակի կրումը, ձեռքերի հաճախակի ախտահանումը կամ լվացումը օճառով, սոցիալական հեռավորության պահպանումը, ինքնամեկուսացումը և այլն:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի (Գերմանիա) տեղեկատվության համաձայն՝ ծածկելով բերանը և քիթը, անձը կարող է պաշտպանել շրջապատին` կանխելով իր խոսելու, հազալու և փռշտալու հետևանքով գոյացող վարակիչ կաթիլների տարածումը:

Շուրջ 50 երկիր սահմանել է դիմակ կրելու պարտադիր պահանջ: Նշված ոչ բոլոր երկրներն են սույն պահանջը կիրառում բաց տարածքների նկատմամբ: Զգալի արդյունք արձանագրել են այն երկրները, ուր պահանջը կիրառվել է ամենուր:

Մասնավորապես` Ավստրիայում, ապրիլի 6-ից սահմանվել է պարտադիր դիմակ կրելու պահանջ, ինչի արդյունքում դիտվել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացության 90% նվազում: Նշանակալի հաջողության են հասել մի շարք ասիական երկրներ (ի դեպ, դիմակ կրելու մշակույթն ասիական երկրներում ձևավորվել է դեռևս ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակներից՝ 2003 թվականից), այսպես՝ Հոնկոնգում համաճարակի հենց սկզբից դիմակ կրելու պարտադիր պահանջ է սահմանվել, ինչի հետևանքով այդ ժամանակահատվածում այնտեղ արձանագրվել է շուրջ 1000 դեպք: Նման քաղաքականություն է ներդրել նաև Չինաստանը, ուր արձանագրված դեպքերի թիվը չի գերազանցել 84.000-ը, ինչն այս երկրի համար շատ փոքր թիվ է:

Հետաքրքիր է Հարավային Կորեայի փորձը: Չնայած ձեռնարկվող հանրային առողջապահական միջոցառումներին, այս երկրում համաճարակի 20-40-րդ օրը հիվանդացության աճ դիտվել է, որից հետո նոր ներդրվել է դիմակի կիրառման պարտադիր պահանջ, ինչի հետևանքով դեպքերի ընդհանուր թիվն այլևս չի գերազանցել 12000-ը:

Սլովակիայի հաջողության գրավականը հենց կապում են դիմակներ կրելու պարտադիր պահանջի հետ, քանի որ այս երկիրն առաջինն էր Եվրոպայում, որ համաճարակի վաղ փուլում նման պահանջ սահմանեց և արձանագրեց զգալի հաջողություն:

Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ համաճարակի զարգացման վաղ փուլում դիմակների պարտադիր պահանջի կիրառումը, զուգակցած այլ հանրային առողջապահական միջոցառումների հետ, ապահովել է դեպքերի փոքր թիվ՝ ընդամենը շուրջ 1800:

Կան երկրներ, որոնք նոր են ներդրել դիմակ կրելու պարտադիր պահանջ, օրինակ` հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը, և դեռևս չեն արձանագրել արդյունք:

Այն երկրները, որտեղ դիմակ կրելու պարտադիր պահանջը չի կիրառվում բաց տարածքներում, դրանց արդյունավետությունը դիտարկելի չէ, օրինակ Մոլդովան:

Իսկ այն երկրներում, ուր դիմակ կրելը պարտադիր պահանջ չէ, հիվանդացության շարժընթացը միայն վերընթաց է ապրել, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել