Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով

Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման սահմանված ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով։ Գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու համար տարբերակված ժամկետներ են սահմանվել՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվի։

Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ այդմ՝ գործատուներն իրենց աշխատակիցների աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ հերթականությամբ՝

1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները իրենց կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ վեց ամսվա ընթացքում,

100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝ ինը ամսվա ընթացքում,

50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝ տասներկու ամսվա ընթացքում,

մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում:

Աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուներին դա կարող է պարտադրվել նաև դատական կարգով։ Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության և գործատուի միջև ծագած իրավահարաբերությունները հանրային բնույթի են, ուստի, համապատասխան վեճի դեպքում այն պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Նշենք, որ 2017 թ.-ի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, իսկ գործատուների համար սահմանվել է պարտավորություն՝ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնել լիազոր մարմին, այնուհետև՝ աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո,
դրանք վերադարձվում են աշխատողներին։

2017 և 2018 թվականների ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։

Նշված ժամանակահատվածի ավարտին Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ առկա էր շուրջ 320 000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։

2019 թ.-ի գործընթացի շրջանակներում նախատեսված էր տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել։

Չունենալով որևէ օրենսդրական լծակ՝ մինչ օրս մի շարք գործատուների կողմից չեն ներկայացվել աշխատողների աշխատանքային գրքույկները:

2019 թ.-ի ընթացքում հավաքագրվել է շուրջ 125 000 աշխատանքային գրքույկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել