ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հունիսի 19-ին կայացած նիստին քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման սակագների և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից բնական գազի փոխադրման սակագնի սահմանման վերաբերյալ հարցերը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.
1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան.
ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը`
ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
4) վերը նշված 1-3-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 19-ից, բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից: