Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանի հետ անցկացրել է ճեպազրույց։
Վարչապետը նախ նշել է, որ կառավարությունը հունիսի 12-ին արտահերթ նիստում կքննարկի երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի հատուկ նիստում:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում հունիսի 10-ին արձանագրված կորոնավիրուսի 566 նոր դեպքը արտահայտումն է նրա, թե 7-14 օր առաջ ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները: «Այսինքն, մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այսօր մեր կողմից կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանն այդքան է: Մենք 7-14 օր առաջ պատշաճ չենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի՝ Ազգային ժողովում քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի այս ընթացքում կատարվածին և հետագա անելիքներին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողությունները, հարսանիքները, թաղումներն ու սգո արարողությունները:
«Հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով: Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու: Բայց, ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետև հաճախ, երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարևորությունը: Հորդորում եմ լսել համայնքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որևէ մեկի քմահաճույքը չէ»,- ասել է նախարարը:
Պատասխանելով հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, օրինակ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ՌԴ-ն, Շվեդիան, Գերմանիան և շատ այլ զարգացած ու գերզարգացած երկրներ: «Եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես: Այո, ՀՀ կառավարությունն ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, որքան ունեն պրոբլեմներ իմ նշած աշխրհի բազմաթիվ երկրներ, ճիշտ այնքան պրոբլեմներ, որքան ամբողջ մարդկությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: