Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին:

Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների անընդհատությունը և հաջող ավարտն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դո լար դրամաշնորհ):

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ վարկի երկարաձգման համար բանակցությունները սկսվել են 2018-ի դեկտեմբերից: «Նախ մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել»,-ասել է նախարարը:

Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022թթ. ընթացքում պետբյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից՝ 2020թ. 18,7 մլրդ ՀՀ դրամ, 2021թ. 31,5 մլրդ ՀՀ դրամ և 2022թ. 13 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որ առնվազն չգերազանցեն ռուսական վարկի օգտագործման դեպքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը: Միաժամանակ, տրամադրվող վարկային միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով: Արդյունքում ակնկալվում է ապահովել ազատ մրցակցային դաշտ, հայկական կազմակերպությունների ներգրավում, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմում:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է , որ մինչև այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար: «Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որոնք, արերկբա, շատ ավելի լավ պայմաններով են ներգրավվելու և ավելի են մեծացնելու կառավարության լծակներն այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: Նախկին պայմաններում մենք որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումներ իրականացնելու մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք գնումներ իրականացնել: Իսկ այս պարագայում կարողանում ենք գնումների գործընթացը դնել ամբողջությամբ շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն էականորեն ավելի ցածր: Հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել։ «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, և սա ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության ապահովման խնդիր է: Այդ խնդիրը հստակ ձևակերպած է նախարարի առաջ, որը պետք է կատարվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել