Նոտարով անշարժ գույքի գործարք կատարելուց հետո քաղաքացիները կադաստր գնալու անհրաժեշտություն չեն ունենա

Կառավարությունը հունիսի 11-ի նիստին որոշում ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Նոտարիատի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություն կատարել։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունն իրավակիրառ պրակտիկայից է բխում, որն արձանագրվել է նաև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ»,-նշեց նա։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի համաձայն, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը՝ առանց ժամկետը բացթողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերությանը։

«Մենք առաջարկում են, որ սահմանվեն այն համապատասխան հիմքերը, որոնց հաշվառմամաբ, անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել և դա կադաստրի կողմից հարգելի գրանցվի և պետական գրանցումն իրականացվի։ Հաջորդ կետը, որով որոշակի փոփոխություն է նախատեսվում, դա նոտարի գործառույթներին է վերաբերում, այսինքն հիմա նոտարական վավերցամամբ գործարքը նոտարը կարող է համապատասխան միջոցներով ուղարկել կադաստր և սա սահմանվում է որպես նոտարի գործողություններից բխող պարտականություն։ Այսինքն, անձը՝ նոտարի մոտ գործարքը վավերացնելիցս կարող է օգտվել «մեկ պատուհանից»՝ չգնա կադաստրում առանձին գրանցում կատարելու։ Բայց այդ հնարավորությունը թողվել է, եթե անձը չի ցանկանում, կարող է առանձին գնալ կադաստր՝ գրանցում կատարելու համար»,-նշեց նախարարը։

Նա նաև հավելեց, որ գործարքի համար պետական տուրք չի գանձվի, իսկ սպասարկման համար կգանձվի 3000 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել