Խնդիր ունենք հուղարկավորությունների և ընդհատակյա հարսանքիների հետ կապված․ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին՝ հունիսի 11-ին, հայտնեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված խնդիր կա հուղարկավորությունների և ընդհատակյա հարսանիքների հետ կապված։

«Ցանկանում եմ մեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ վերջին շրջանում մեզ համար շատ լուրջ խնդիր է դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը: Այստեղ շատ կարևոր դեր ունեն ոչ միայն ոստիկանությունը, այլև տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքները, որոնք ամեն նման դեպքում պետք է կարողանան ճիշտ կոմունիկացնել, հաղորդակցության մեջ մտնել քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը և այս իրավիճակում հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Մենք արդեն բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների և հոգեհանգստյան արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է:Հաջորդ խնդիրը, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքներն են, և սա նույնպես դառնում է խնդիր – իմիջայլոց, առաջին օրվանից էլ այդպես է եղել, բայց այն ժամանակ ընդհատակյա չեն եղել այդ միջոցառումները կամ էլ եղել են ընդհատակյա: Եվ շատ կարևոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին: 

Էլի ցանկանում եմ ասել՝ մեր գաղափարախոսությունը հետևյալն է, որ այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների միջև զանգվածային համագործակցության միջոցով: Մեր կառավարությունը ձևավորվել է քաղաքական հարթակի և քաղաքացիների զանգվածային համագործակցության շնորհիվ: Դա ընդհանրապես մի գաղափարախոսություն է, որն ընկած է մեր քաղաքական գործունեության հիմքում, և բոլոր այն մակրոխնդիրները, որ լուծել ենք, և այն մակրոխնդիրները, որ պիտի լուծենք, բոլոր դեպքերում դրանց հիմքում ընկած է լինելու նույն բանաձևը՝ կառավարության և քաղաքացիների զանգվածային համագործակցությունը: Եվ, հետևաբար, այս իրավիճակում կառավարության և քաղաքացիների զանգվածային համագործակցությունը պետք է արտահայտվի՝ 

ա) հակահամաճարակային կանոնների արդյունավետ սահմանմամբ 

բ) այդ կանոնների ճշգրիտ պահպանմամբ»,-ասաց վարչապտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել