ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկացնում են Քննական կոմիտեից։
Քննությամբ պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակիչը, 2019 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող ռեստորաններից մեկի մուտքի դիմաց, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է 25-ամյա ընկերոջ որովայնին՝ պատճառելով մարմանական ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1 ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: