27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 14:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի 23-ամյա բնակիչը։

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 3-ին՝  ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող  ավտովերանորոգման կետի մոտ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Երևան քաղաքի 27-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է Արարատի մարզի բնակչի մարմնին՝ ձախ գոտկային շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, որը ճանաչման է ներկայացվել 27-ամյա երիտասարդին: Վերջինս հայտարարել է, որ նշված դանակով է հարվածել և մարմնական վնասվածք պատճառել Արարատի մարզի բնակչին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել