Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դռնբաց դատական նիստում քննել է քաղաքացիական գործն ըստ Արտաշես Սարգսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին։
Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ 1970 թվականից սկսած Էռնեստ Սարգսյանն իր ընտանիքով բնակվել է Երևանի Նորագավիթ 6-րդ փողոցի հա. 88 տանը: Տանը կից հողամասը օգտագործվել է վերջինիս կողմից որպես սեփականություն հանդիսացող տուն մուտք գործելու միակ ճանապարհ:
Էռնեստ Սարգսյանի մահից հետո նրա գույքի ժառանգ է հանդիսացել Արտաշես Սարգսյանը: Նա ընդունել է հոր ժառանգությունը և որպես նշված հասցեի տան մուտք շարունակում է օգտագործել նշված հողամասը:
Դատարանին խնդրել է սահմանել հարկադիր սերվիտուտ Երևանի Նորագավիթ 6-րդ փողոցի հա. 88/1 տանը կից 51,24քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Պատասխանողի ներկայացուցիչն առարկել է հայցի դեմ, ներկայացրել հայցադիմումի պատասխան և դատարանին հայտնել, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց Երևանի քաղաքապետարանի հետ կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու մասին: Ավելին, վերջինս երբևէ նշված հարցով չի դիմել քաղաքապետարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օր-ի 210 հոդվածի` հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից … պահանջել իրենց տրամադրել այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք /սերվիտուտ/:
Սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու .., ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 212 հոդվածի 1-ին մասի` հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:
Դատարանը, նկատի ունենալով, որ պատասխանողը երբևէ չի առարկել, որ սահմանվի կամավոր սերվիտուտ, սակայն հայցվորը նման պահանջով չի դիմել, իսկ հայցվորը հակառակը չի ապացուցել, մերժել է հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին հայցը:
Աղբյուրը` Իրավաբան.net