Գույքահարկը ավելանալու է, առավելապես՝ դղյակների, ապարանքների համար․ Նիկոլ Փաշինյան

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։ Որոշման նպատակն է կադաստրա­յին արժեքների հիման անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը և դրանով իսկ տեսանելի հարստու­թյան կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կարևորագույն ռեֆորմներից է, որ կառավարությունը ստանձնել է իրականացնել, որը հարկային բարեփոխումների շարքում է դիտարկվում։

«Չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Հայաստանում կար իրավիճակ, որ մինչև 3 միլիոն դրամանոց գույքի համար հարկ չէր վճարվում։ մենք արձանագրում ենք, որ սա սկզվունքային սխալ մոտեցում էր»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով, եթե անձի գույքի արժեքը ցածր է, ոչինչ, թող նա վճարի 100 դրամ, բայց՝ վճարի։ «Ընդհանուր առմամբ՝ այո, գույքահարկը ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն։ եթե նայենք այսօր այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ հարկ են վճարում․․․ ըստ էության՝ սիմվոլիկ։ Երկար տարիներ Հայաստանում այդ բանավեճն է տեղի ունեցել, որ ճոխության հարկ է պետք մտցնել և այստեղ ճոխության հարկի կոմպոնենտ կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ այժմ մարդիկ տներ կառուցում են առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու․ «Մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող՝ էնքան ավելի լավ, էնքան իրենց սոցիալական դերը մեծանում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել