660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ` «կանաչ» ֆինանսավորման խթանմանը․ Շրջակա միջավայրի նախարարություն

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած Հայաստանում «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը: Կանաչ կլիմայի հիմնադրամը ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում։

Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվողականության և մեղմման համար։

Այս նախագիծը ՀՀ-ում հիմնադրամի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրն է «կանաչ» ֆինանսավորման ոլորտում և իր ձևաչափով աննախադեպ է։

Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար  դրամաշնորհ՝ ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման խթանմանը և առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն աջակցելու նպատակով:

Հայտարարված մրցույթի արդյունքում «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի իրականացնող մարմին է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Վերջինս իրականացնելու է ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումը և դրամաշնորհի միջոցների արդյունավետ տեղաբաշխման վերահսկողությունը:

Դրամաշնորհը ուղղվելու է միջազգային և տեղական լավագույն փորձագետներին և խորհրդատուներին ներգրավելու համար, որպեսզի վերլուծվի Հայաստանում "կանաչ" ֆինանսավորման արդի իրավիճակը, ուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը։

Գործընթացները ներառելու են նաև շահառու ֆինանսական կառույցների փորձի և իրականացված նախագծերի ուսումնասիրություններ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել համապարփակ ճանապարհային քարտեզ։

«ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ Կենտրոնական Բանկը, ՀՀ Ֆինանսաբանկային համակարգի մասնակիցները և ոլորտին առնչվող մասնավոր ընկերությունները: Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր շահառուները հնարավորություն կստանան ծանոթանալ ուսումնասիրությունների արդյունքներին, ինչպես նաև էականորեն կբարելավեն իրենց կարողությունները և մեթոդաբանությունը կանաչ ֆինանսավորման ոլորտում:

Իրականացված ուսումնասիրությունները հնարավորություն կտան ամրապնդել և զարգացնել ՀՀ-ում կայուն ֆինանսավորման ուղղությունը և ներգրավված շահառուները կկարողանան ներգրավել ֆինանսական և տեխնիկական միջոցներ՝ իրենց գործունեությունը նշված ուղղություններով ընդլայնելու համար։

Հաշվի առնելով տվյալ ծրագրի արդյունավետ իրականացման կարևորությունը բոլոր շահառուների և նաև պետության համար, խիստ կարևորում ենք բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը ծրագրով նախատեսված միջոցառումներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել