ՀՀ մաքսային մարմիններն իրավասու չեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ իրականացնել որևէ գործառնություն,այդ թվում՝ մաքսային հսկողություն

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանից Վորոնեժ՝ իբր «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին, ինչի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:

Կոմիտեն հայտնում է, որ 29.05.2014 թ.-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։ Իսկ համաձայն պայմանգրի 29-րդ հոդվածի. «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են`

1) մարդու կյանքի և առողջության պահպանման,

2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,

3) շրջակա միջավայրի պահպանության,

4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,

5) միջազգային պարտավորությունների կատարման,

6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար»:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` օդային տրանսպորտով` համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու:

Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։

Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել