Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2012 թ-ի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն և 2014 թ-ի մարտի 27-ի թիվ 375-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է վերացնել սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության պահանջը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերոնշյալ որոշումներով պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը, մինչդեռ շահառու հանդիսացող ոչ բոլոր անձինք ունեն նույնականացման քարտ:
Բացի այդ՝ որոշ անձինք, իրենց կրոնական համոզմունքներից ելնելով, չեն ցանկանում կատարել նույնականացման քարտի ստացման հետ կապված որոշակի ընթացակարգեր, և երբ սահմանված չեն իրավական այլընտրանքային պայմաններ, այդ անձիք զրկվում են նույնականացման քարտ ստանալու իրավունքի իրացումից, հետևաբար նաև իրավահարաբերություններին լիարժեք մասնակցելու իրավունքներից:
Նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալով․ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է ՀՀ տարածքում օգտագործելու համար:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:
Այսպիսով՝ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի համապատասխան նորմերի բովանդակությունից հետևում է, որ նույնականացման քարտ ստանալը քաղաքացու իրավունքն է, ինչից բխում է, որ նույնականացման քարտ ստանալու կամավորությունը օրենքով ամրագրելը չի կարող ընդգրկել նույնականացման քարտ ստանալուն հարկադրելու որևէ դեպք:
Ուստի նախագծով կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում երաշխավորելու սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց՝ սոցիալական փաթեթի ծառայություններից և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող անձանց իրավունքների իրականացումը: