Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են․
«Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ:
Հստակության համար հատուկ նշում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:
Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է իսպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»: