2011թ.-ի փետրվարի 21-ին Կոտայքի ՇՊԱԿ է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գ. Ա.-ը: Շահառուն ներկայացրել է տեսանյութ, որում արձանագրված է հարկային մարմնի մի շարք աշխատակիցների կողմից դրսևորվող կասկածելի և ոչ օրինական գործելակերպը իր անձի և գործունեության նկատմամբ, մասնավորապես` պաշտոնեական դիրքի չարաշահում և ապօրինի վարչական տույժ նշանակելու հիմքեր ստեղծելու անօրինական գործողություններ, ինչի արդյունքում Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից կազմվել է ստուգման ակտ և շահառուի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով տույժ` հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու մտածածին հիմքով:
ՇՊԱԿ-ը նույն օրն անհապաղ շահառուի դիմումը հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունը գործի ուսումնասիրությունից հետո ընթացք է տվել գործին և այն ուղարկել ՀՀ Ոստիկանության Հրազդանի բաժին: Դրան զուգահեռ, ներկայացված դիմումի հիման վրա 2011թ.-ի մարտի 23-ին ՀՀ ՊԵԿ-ի նախագահի 10.03.2011թ.-ի 2/220 հրամանով հարկային մարմնի աշխատակիցների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանությունը սկսել էր գործի կապակցությամբ հետաքննությունը, որի արդյունքում ՇՊԱԿ-ին առաջարկել էր հարկային մարմնի կողմից կազմված ստուգման ակտը վիճարկել դատարանում: 2011թ.ի ապրիլի 12-ին ՇՊԱԿ-ը ստացել է պատասխան, համաձայն որի 2011թ.ի ապրիլի 1-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի թիվ 20/6 որոշմամբ չեղյալ է համարվել վարչական տույժի համար հիմք հադիսացած ստուգման ակտը, որն անհիմն կայացվել էր հարկային մարմնի Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից, այսինքն վերացվել է 150.000 ՀՀ դրամի տույժը:
Իսկ 2011թ.ի մայիսի 10-ին ՀՀ ՊԵԿ-ից ստացված պատասխանի համաձայն վերոնշված աշխատակիցները ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության:
Սույն գործում կոռուպցիոն ռիսկերը կայանում էին նրանում, որ հարկային ծառայության պաշտոնատար անձ հանդիսացող թվով 4 պետական ծառայողներ թույլ էին տվել պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն արձանագրվել էր տեսանյութում: Վերջիններիս կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ վարքագիծ, մասնավորապես, պետական ծառայողները մինչև շահառուին վարչական տուգանքի ենթարկելը հետապնդել որոշակի անձնական շահ: Համոզվելով, որ շահառուն մտադիր չէ իրենց հետ գնալ ոչ օրինական համաձայնության և համաձայն չէ իրենց կողմից արձագրված “խախտումներին”, ավելին նա վճռականորեն պաշտպանում է իր իրավունքներն ու օրինական շահերը, վերջիններս ապօրինի կերպով կազմում են ստուգման ակտ և վարչական տուգանքի են ենթարկում շահառուին:
Շահառուի` կոռուպցիայի նկատմամբ անհադուրժողականության և իր իրավունքները պաշտպանելու հետևողականության, ինչպես նաև ՇՊԱԿ-ի աշխատակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության և ցուցաբերած օժանդակության շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ կանխարգելել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործը և վերականգնել քաղաքացու խախտված իրավունքները, այլև խախտումներ կատարած պետական պաշտոնյաները ենթարկվեցին համապատասխան պատասխանատվության:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: