Վարձակալի և վարձատուի միջև իրավահարաբերությունները՝ օրենքի համաձայն

«Անշարժ գույքի մասին» օրենքի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության ժամկետը սահմանվում է վարձակալության պայմանագրով` կողմերի համաձայնությամբ: Անշարժ գույքը կարող է տրվել նաև ցմահ կամ հայեցողական վարձակալության:

Վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո վարձակալված անշարժ գույքի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցնելը վարձակալության պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարացման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից անշարժ գույքի ժամկետանց տիրապետման և օգտագործման ողջ ընթացքում:

Վարձակալն իրավասու է վարձակալված անշարժ գույքը փոփոխությունների ենթարկել միայն վարձակալության պայմանագրի համաձայն կամ վարձատուի գրավոր թույլտվությամբ: Վարձակալի կողմից կատարված պայմանագրով չնախատեսված կամ վարձակալի կողմից անշարժ գույքի չթույլատրված փոփոխությունների դեպքում վարձատուն իրավասու է վարձակալից պահանջել պատշաճ ժամկետում վերականգնել անշարժ գույքի այն վիճակը, որն առկա էր մինչև փոփոխությունների իրականացումը: Նշված ժամկետում այդ պահանջը չկատարելու դեպքում վարձատուն իրավասու է լուծել պայմանագիրը:

Վարձակալը պարտավոր է թույլ չտալ վարձակալված հողի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազում կամ անշարժ գույքի որև է այլ փոփոխություն, որը կհանգեցնի նրա արժեքի նվազեցման կամ բնութագրերի վատթարացման:

Սույն հոդվածում նշված դեպքերում վարձատուն իրավասու է լուծել վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև դիմել դատարանին անշարժ գույքին վնասող վարձակալի գործունեությունը դադարեցնելու կամ դրա անցանկալի փոփոխությունների վերացման մասին որոշում կայացնելու պահանջով:

Վարձակալության պայմանագիրը դադարելիս վարձատուն իրավասու է վարձակալից հատուցում պահանջել իրեն պատճառված վնասների և (կամ) անշարժ գույքի փոփոխման դիմաց:

Վարձատուն պարտավոր չէ վարձակալին հատուցել վարձակալված գույքի բարելավման կամ փոփոխման ծախսերը, եթե դա նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել