Կառավարությունը մայիսի 14-ին որոշում ընդունեց վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, որի նպատակն է մի կողմից աջակցել ՀՀ-ում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով ապահովել ՀՀ մարզերում բնակվող գործազուրկներին, նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված` սահմանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն նոր չափեր:
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախագծի ընդումամբ ակնկալվում է․
- վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը կիրականացվի նաև անտառային ոլորտում,
- կհստակեցվեն աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն չափերը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումն է և իրավիճակից բխող մարտահրավերներին արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելը: Նախագծով առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը լրացնել նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով, որը բխում է Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից (նախատեսվում է 2020 թ.-ին տնկել 10 մլն ծառ):
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն չափը սահմանված է մեկ մլն դրամ: Նախագծով առաջարկվում է փոխել տրամադրվող աջակցության առավելագույն շեմը` յուրաքանչյուր ենթածրագրի համար սահմանելով առանձին շեմ` պայմանավորված 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ: Մասնավորապես`
- փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցության առավելագույն շեմը սահմանել 1,350.0 հազ. դրամ, որի հիմքում ընկած է առավելագույն արժեքին մոտ հետևյալ հաշվարկը. (34.0 հազ. դրամ` վարձու աշխատողին տրվող գումար + 25.0 հազ. դրամ՝ տարածքի վարձակալություն + 10.0 հազ. դրամ՝ եկամտային հարկ և նպատակային սոցիալական վճար) x 12 ամիս + 500.0 հազ. դրամ՝ հիմնական միջոցի ձեռքբերում = 1,328.0 հազ. դրամ).
- անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության առավելագույն շեմը սահմանել 1,200.0 հազ. դրամ, որի հիմքում ընկած է առավելագույն արժեքին մոտ հետևյալ հաշվարկը. (34.0 հազ. դրամ՝ անձին տրվող գումար + 13.6 հազ. դրամ՝ անասնաբույժին տրվող գումար) x 12 ամիս + 350.0 հազ. դրամ՝ կենդանու և ականջապիտակների ձեռքբերում + 230.0 հազ. դրամ՝ անասնակերի ձեռքբերում=1,151.2 հազ. դրամ):
Որոշմամբ կատարվել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն` կապված այն հանգամանքի հետ, որ 2019 թ. հուլիսից սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը չի իրականացվում միայն ՀՀ լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական համայնքներում: