Զերծ մնացեք այս ընկերության կողմից մատուցվող ֆինանսական ծառայություններից․ Կենտրոնական բանկի զգուշացումը

Կենտրոնական բանկը տեղեկացնում և զգուշացնում է, որ առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ-ում գրանցված «Խելացի Սպառող» ՍՊԸ-ն հանդես է գալիս հայտարարությամբ, ըստ որի՝ վերջինս ՀՀ քաղաքացիներին տրամադրում է վարկային խորհրդատվություն, իբրև թե օգնում է բարձրացնել վարկային գնահատականը և առողջացնել վարկային պատմությունը, որի շրջանակներում ընկերությունն առաջարկում է կնքել ծառայությունների մատուցման վճարովի պայմանագիր և փոխառության պայմանագիր։ Ընդ որում, հատկանշական է, որ «Խելացի սպառող» ՍՊԸ-ն հայտարարում է, որ ֆինանսական հաստատությունում իր կողմից ներդրված ավանդը որպես վարկ կտրամադրվի ՀՀ քաղաքացիներին։

Այսինքն, «Խելացի սպառող» ՍՊԸ-ն որոշակի վճարի դիմաց առաջարկում է ավանդի գրավով վարկավորում «Խելացի սպառող» ՍՊԸ-ի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնող քաղաքացիներին։ Ըստ էության, ստացվում է, որ «Խելացի սպառող» ՍՊԸ-ն ֆինանսական հաստատության անունից խոստանում է տրամադրել վարկ ՀՀ քաղաքացիներին։

Նշվածի հետ կապված, Կենտրոնական բանկը նպատակահարմար է համարում իրազեկել հետևյալը.

  • հրապարակային եղանակով փոխառությունների և վարկերի ներգրավման առաջարկով կարող են հանդես գալ միայն բանկերը, ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունները՝ օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների համապատասխան, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարիչները և ներդրումային ֆոնդերը՝ տվյալ ներդրումային ֆոնդի ներդրումային քաղաքականության պահանջներին համապատասխան։
  • «Խելացի Սպառող» ՍՊԸ-ն չի լիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և վերջինիս գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
  • Հարկ է նշել, որ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «վարկավորում», «կրեդիտ», «կրեդիտավորում» բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով «փոխառություն», «փող», «դրամ», «փոխառության տրամադրում», «դրամի տրամադրում», «գումար», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «ֆինանս», «ֆինանսավորում», «ֆինանսների տրամադրում» բառերի կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումն իր անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, գովազդ իրականացնողներին կամ գովազդելուն աջակցելը՝ արգելվում է, և առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Հաշվի առնելով, որ վերը նկարագրված ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ ծառայություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել