Կառավարությունը ապրիլի 23-ին որոշում ընդունեց պետական պատվերով բժշկական օգնություն ստանալու՝ մասնավորապես զինծառայողներին և նրանց ընտանիքներին մատուցվող բուժծառայության հետ կապված։ Փոփոխություններ են կատարվել 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ։
Վարչապետի կողմից որոշումը ստորագրվել է ապրիլի 27-ին և այն արդեն ուժի մեջ է մտել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց․ «Վերջին երկու տարիներին մեր բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։ Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել։ Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»։
Այսպիսով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն․
Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակում փոխհատուցման են ենթակա․
1) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված` Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված ծառայությունների՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի).
2) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները՝
ա. գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
բ. կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
դ. շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
ե. էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,
զ. սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,
է. աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
ը. կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,
թ. սրտի կաթետերային աբլացիա,
ժ. խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,
ժա. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը),
ժբ. արթրոսկոպիկ վիրահատություններ,
ժգ. բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում (այդ թվում՝ հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքը),
ժդ. շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով,
ժե. քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
ժզ. սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,
ժէ. աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում)։
3) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:
3․ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ: