Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 8-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շուտով կմեկնարի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով նիստը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դատարան է ներկայացրել խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Անձնական երաշխավորությամբ են հանդես եկել այաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Նրանք բոլորը դատարանում են և ներկայանում են դատավորին։
Կարեն Կարապետյանը ասաց, որ աշխատում է Ռուսաստանում, բայց մշատպես այնտեղ չի բնակվում, այլ՝ Հայաստանում։ Խոսրով Հարությունյանը նշեց, որ դասավանդում է Կառավարման ակադեմիայում, իսկ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ թոշակառու է։
Նախագահող դատավորը ներկայացրեց նրանց, թե ինչի համար է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, նշեց, որ պետք է վճարվի նաև 500 հազար դրամ, ինչպեսև նախատեսված է քրեական պատասխանատվություն, եթե ամբաստանյալը ազատ արձակվի և խուսափի կամ թաքնվի քննությունից։
Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց դատավորին՝ նշելով, թե չունի՞ իր անձնական երաշխավորության հիմնավորումները ներկայացնել, ինչին դատավորը բացասական պատասխան տվեց։
Միջնորդությունը դատարանին ներկայացրեց Ռ․Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Սեյրան Օհանյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանաու մասին:
Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Յուրի Խաչատուրովի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։ Արմեն Գևորգյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանաու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: