Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը

Կառավարությունը մայիսի 7-ի հերթական նիստին որոշում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառման մասին։

Որոշումը գործադիրի անդամներին ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

  • համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` վերոնշյալ շահառու հանդիսացող՝ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին:

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Հայտերի գնահատումն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվող մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների և գնահատման սանդղակների՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

Մրցույթներին մասնակցող տնտեսավարողներին ներկայացվող հիմնական պայմաններն են՝

Դրամաշնորհի անվանում Դրամաշնորհի առավելագույն արժեքը Մրցույթի շահառուների պայմաններ
Նորարարական դրամաշնորհներ 10.0 մլն ՀՀ դրամ Վերջին 2 տարում  ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողներ
Կայացած ընկերությունների դրամաշնորհներ 20.0 մլն ՀՀ դրամ 2 տարուց ավել ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններ (տնտեսավարողներ), որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ
Համաֆինանսավորման դրամաշնորհներ 100% չափով համաֆինանսավորում,  սակայն ոչ ավել քան 30.0 մլն ՀՀ դրամ Տեխնոլոգիական ընկերությունները  (տնտեսավարողներ), որոնք  կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել