Եթե մեղմացումների քաղաքականությունը բերի վտանգավոր հետևանքների՝ ամենակոշտից էլ կոշտ ռեժիմին կվերադառնանք․ պարետ Տիգրան Ավինյան

Վարակի տարածման դինամիկայից կախված՝ պարետատան որոշումները կարող են փոխվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության հերթական նիստին ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

«Մոտակա օրերի թվերը, նաև այն անձանց շրջանակը, ում մոտ դրական կհաստատվի, մեզ թույլ կտա արդեն վերջնական որոշումներ կայացնել: Այս պահի դրությամբ մենք գնում ենք դեռևս այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից էականորեն փոփոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, և էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ, և դեռևս այլ որոշում չկա։ Այնուամենայնիվ, ինչպես և քննարկել ենք, շարունակելու է փակ մնալ ամբողջ կրթական համակարգը՝ համալսարանները, դպրոցները, և այս տարին ավարտելու ենք առանց այդ տեսակի գործունեության, բացի հեռավարից, այդ գործունեությունն ուրիշ տեսակի չի լինելու: Դեռևս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճությունների ոլորտում և մի քանի այլ ոլորտներում, բայց, ընդհանուր առմամբ, մշակող արդյունաբերության ոլորտը վերագործարկվելու է: Վերագործարկվելու են որոշ տեսակի խանութներ, և այս առումով փոփոխություններ չունենք»-ասաց Տիգրան Ավինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ վարակից խուսափելու համար մի քանի պարտադիր պայմանները չեն պապանվում։ «Ես քայլում էի և մարդիկ նույնիսկ խմբերով կանգնած զրուցում էին իրար հետ, և եթե այդտեղ վարակված մի մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին միանգամից վարակվելու էին։ Եվ, հետևաբար, մենք պետք է հասկանանք, որ ինչու ենք մենք գնում այսպիսի քայլերի՝ առանց համաճարակի հաղթահարման, որովհետև երբ այս սահմանափակումը մտցնում էինք, մեր և ոչ միայն մեր, բոլորի հույսն այն էր, որ մեկ ամիս, երկու ամիս, և վարակը կհաղթահարվի։ Բայց հիմա վարակի սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ, որ, օրինակ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և, հետևաբար, չենք կարող մեկ տարի ուղղակի փակված ռեժիմով ապրել: Ոչ միայն մենք չենք կարող, այլև աշխարհի ոչ մի երկիր չի կարող:

Տիգրան Ավինյանը նշեց, որ պետք չէ լինել անվախ այս առումով, պետք է միշտ լինել զգուշավոր և պահպանել կանոնները, որպեսզի կրկին ստիպված չլինենք վերադառնալ հին ռեժիմներին: «Եթե մենք տեսնենք, որ ընդհանուր առմամբ մեղմացումների այս քաղաքականությունը, որը մենք վարում ենք, տալիս է վտանգավոր հետևանքներ, բերում է վտանգավոր հետևանքների, և վարակի տարածմ ան արագությունը և տեմպն աճում են այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ես կարծում եմ, որ միանշանակ ամենակոշտ ռեժիմին և եղած ամենակոշտից ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի այն կանոնները, որոնք հաստատվում են, խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից, որովհետև, առաջին հերթին, այդ տնտեսվարողների շահերից է բխում այդ կանոնների պահպանումը: Եթե որևէ մեկը վարակվեց որևէ տնտեսվարողի մոտ, ավտոմատ կերպով այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է: Այսինքն՝ պետք է նաև այս հանգամանքը հաշվի առնել, և կարծում եմ, որ այս կանոնները բոլորի շահերից են բխում»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել