Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ ապրիլի 29-ին, նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ որոշումներում։
Որոշումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմնի պաշտոնատար անձը փակ դագաղը կնքում է հերթական համար ունեցող կնիքով և այն հանձնում հուղարկավորության կազմակերպման ստանձնողներին։
Այնուհետև դագաղը տեղափոխվում է Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող դիահերձարան, որտեղ դիահերձարանի աշխատակիցները դիահերձարանի ամբողջությամբ ապակեպատ և փակ հատվածում դագաղը բացում են, ապակու հակառակ կողմից մահացած անձի հարազատների համար տեսանելի ձևով ցույց են տալիս դիակը, որից հետո դիակը տեղադրվում է ներսից քլորակրով պատված պարկի մեջ, այնուհետև նույն դագաղի մեջ:
Նոր որոշմամբ՝ դագաղը կարող է տեղափոխվել նար Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կկատարվեն նույն գորղությունները։
Դագաղը դարձյալ նույն ձևով կնքում է մաքսային մարմինների համապատասխան պաշտոնատար անձը և սույն կարգի նմուշի համապատասխան ծանուցում է տրամադրում հուղարկավորության տրամադրման ստանձնողներին՝ միաժամանակ ճշտելով հուղարկավորության օրը, ժամն ու վայրը, և դագաղը փակ վիճակում հանձնում է դիակը ստացող անձին: