Պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում, այլ կարող է չվճարել․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ խմբագրական բնույթի առաջարկներ են ներկայացրել խորհրդարանի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները. առաջարկների մեծ մասն ընդունվել է:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք է վերապահվում գրավոր դիմումների հիման վրա աշխատանքային իրավունքների նկատմամբ իրականացնել վերահսկողություն:
Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Աշխատանքային օրենսգրքում նախատեսվել են որոշ պարզաբանումներ եւ սահմանումներ, որոնք, ըստ զեկուցողի, կհեշտացնեն համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները:

Նախաձեռնությամբ սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ինչպես նաեւ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը:

Առաջարկվում է, որ հեռավար եղանակով իրականացվող աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ճկուն, արագ արձագանքել հեռավար աշխատանքը կազմակերպելուն եւ ազատել գործատուին` նախապես ծանուցելու հեռավար աշխատանքի անցնելու հետ կապված:

Սահմանվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում, այլ կարող է չվճարել: Այս փոփոխության պարագայում եւս գործատուն ցանկության դեպքում կարող է նշված դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակ վճարել աշխատողին:

Մեկ այլ փոփոխության արդյունքում գործատուն իրավունք չի ունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ:

Նախատեսվում է նաեւ, որ մինչեւ ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքից երկու ժամ ուշանալու դեպքում աշխատավարձը վճարել ամբողջությամբ, իսկ երկու ժամից ավել ուշանալու դեպքում վճարել փաստացի կատարած աշխատանքի համար:

Արման Ուդումյանի տեղեկացմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Աշխատանքային օրենսգրքերում առաջարկվող փոփոխության համաձայն` Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք է վերապահվում անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված բողոքների հիման աշխատանքային իրավունքների նկատմամբ իրականացնել վերահսկողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել