Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը բացարձակ մերժելի երևույթ է. Արման Թաթոյանը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

«Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է:

Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ:

Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:

Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը մեր կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին:

Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն և վերջ»,- այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին թեժ լեզվակռիվ ծավալվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքայնի միջև, որի ընթացքում պատագամավորներն անցան անձնական վիրավորանքների։

Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել է․ «Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում: Անընդհատ ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ մոտ ինչ-որ մանիա կա: Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, պատասխանելու եմ Ձեր փեշի hետևում պախկված Էդմոն Մարուքյանին…»։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել