Հետո՞, կորոնավիրուսից հետո մեզ պետք չե՞ն որակյալ մասնագետներ. Անահիտ Բախշյանը՝ ԿԳՄՍ նախարարին

ՀՀ կրության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությանը, որում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ ուսումնական հաստատություններում այս տարի ավարտական և փոխադրող քննություններ տեղի չեն ունենա, իսկ դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն։

Անահիտ Բախշյանն այս առիթով գրել է.

«Ժողովրդական ասացվածքն ասում է․ «Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ»։ Ինչո՞ւ հիշեցի սա, որովհետև կարդացի ԿԳՄՍ նախարարության ստորև հրապարակումն ու լեցուն հարցեր առաջացան, մասնավորապես ասում եք․ «Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը»։ Ամփոփումը էլեկտրոնայի՞ն է լինելու, պատրա՞ստ եք այդ գործընթացին, թե՞ էլեկտրոնային մատյանների նման կիսատ-պռատ գործընթաց է լինելու, իսկ ատեստատի մեջ ոչ ջնջում, ոչ սխալ չի կարելի թույլ տալ։ Ինչո՞ւմն է կայանում այդ հրատապությունը։ Վստա՞հ եք, որ մինչև մայիսի 25-ը ատեստատները կհանձնեք շրջանավարտներին այն դեպքում, երբ այդ գործընթացին նախորդում է հսկայական աշխատանք, որը հնարավոր չէ հեռավար անել։

Ասում եք․ «Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում»։ Նախարարը, կարծեմ, ասաց, որ բուհն է որոշելու, թե ինչ քննություն հանձնի դիմորդը։ Առաջարկում եմ միանգամից ներդնել ընդունելության քննության այնպիսի հարցաշարային քննություն, որը պարունակի տվյալ բուհում սովորելու և մասնագետ դառնալու համար անհրաժեշտ տարբեր առարկաների հարցեր։ Համամասնությունը թող բուհը որոշի, բուհն ինքը թող կազմակերպի ընդունելության քննությունը, իսկ միայն մեկ քննությամբ ընդունել, նշանակում է բուհում կրթության և ապագա մասնագետի, առանց այդ էլ որոշներում շատ ցածր մակարդակը, որակը գցել։ Հետո՞, կորոնավիրուսից հետո մեզ պետք չե՞ն որակյալ մասնագետներ։ Լա՞վ եք քննարկել այս հարցերը։ Շատ մտահոգ եմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել