Անձը վաճառում ոչ միայն գոյություն չունեցող, այլեւ առհասարակ չթույլատրված շենքի մակերեսները․ Սարհատ Պետրոսյան

Դժբախտաբար, մեզ այդպես էլ չի հաջողվում շինթույլտվությունների մասով (և ոչ միայն) բարեփոխումներ անել, բայց, միեւնույն ժամանակ, մեծ թափ են հավաքում տարբեր չափերի կառուցապատման նախագծեր, որոնք լայնորեն գովազդվում են տարբեր միջոցներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը եւ ավելացրել․ «Հաճախ են հանդիպում կոնկրետ առաջարկների մասին հայտարարություններ, որոնց վերաբերյալ եղած տեղեկություններով՝ դրանք դեռեւս համաձայնեցված չեն»։

Այսինքն, գրել է Սարհատ Պետրոսյանը, «մենք ունենք իրավիճակ, երբ ինչ¬-որ մի անձ կնքում է պայմանագիր ու վաճառում ոչ միայն գոյություն չունեցող, այլեւ առհասարակ չթույլատրված շենքի մակերեսները»։

Ի դեպ, այս խնդիրը լուծելու համար, հիշեցնում է Կադաստրի կոմիտեի նախկին նախագահը, մոտ հինգ տարի առաջ ներմուծվեց բնակարանի գնման իրավունքի ինստիտուտը, որով համայնքի համաձայնեցրած և շինարարության թույլտվություն ունեցող նախագծերը գրանցվում էին անշարժ գույքի պետական ռեգիստրում, որով պետությունը վերահսկում և երաշխավորում էր կառուցվող գույքի նկատմամբ իրավունքը։

«Սակայն ինձ/մեզ հայտնի բազմաթիվ շենքեր այսօր գովազդվում և վաճառվում են առանց նման գրանցումների, ինչը հղի է լուրջ հետևանքներով», ահազանգել է Սարհատ Պետրոսյանը։

«Նկատի ունենալով, որ մոտ ժամանակներս պետական համապատասխան մարմիններից որևէ մեկը (քաղաքաշինություն կամ կադաստր) դժվար թե այս խնդրին անդրադառնա, Ազգային ժողովի և կառավարության այլ գործընկերների առաջարկում եմ արագ քայլեր ձեռնարկել սրա դեմն առնելու համար։ Հակառակ դեպքում ունենալու ենք անբարեխիղճ կառուցապատողին խաբված բազմաթիվ քաղաքացիներ։

Օրինակ, կարող ենք սկսել գովազդի վրա պատշաճ հսկողություն սահմանելով, պահանջելով անպայման նշել շինթույլտվության առկայությունն ու տվյալները (ինչպես առողջապահության ոլորտում է իրականացվում), կամ արգելել առհասարակ դրանց գովազդը», նշել է Ս․Պետրոսյանը։

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավարը հիշեցնում է, որ հիմա էլ կան բազմաթիվ նման խաբված քաղաքացիներ, որոնք «ժամանակին, երբ չկար գնման իրավունքի ինստիտուտը, վճարել են՝ իմանալով, որ ձեռք են բերել անշարժ գույք, իսկ հետո պարզել, որ իրենք մեկն են բազմաթիվ գնորդներից, և կան «ավելի առաջնային» ձեռքբերողներ», գրել է Սարհատ Պետրոսյանը եւ ամփոփել․

«Նման փոքր հարցերը եթե չլուծենք հիմա, ապագայում բազմաթիվ խնդիրներ ենք ունենալու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել