Շենքում բնակվող քաղաքացիները պարտադիր և այլ վճարներ կկատարեն անկանխիկ․ սեփականատերերն են ընտրելու բանկը

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հաստատել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարների կատարման նպատակով բացվող բանկային հաշվի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

ՀՀ Ազգային ժողովի 2020 թվականի հունվարի 24-ի նիստում ընդունվել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված`«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Ըստ ընդունված օրինագծերի՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված պարտադիր վճարները, և այլ վճարները շինությունների սեփականատերերի կողմից կատարվելու են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով, իսկ բանկային հաշվի վարման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԿԱՐԳ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ

ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Սույն կարգով սահմանվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով հաստատված՝ շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների իրականացման համար շենքի շինությունների սեփականատերերի կողմից օրենքով սահմանված կարգով պարտադիր և այլ վճարների (այսուհետ միասին՝ վճարներ) կատարման նպատակով շենքի կառավարման մարմնի անվամբ բանկային հաշվի բացման պայմանները, ինչպես նաև կարգավորվում են բացված հաշվի վարման հետ կապված շենքի կառավարման մարմնի և բանկի հարաբերությունները:

2. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից օրենքով սահմանված վճարները կատարվում են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր շենքի համար առանձին, այդ նպատակով շենքի կառավարման մարմնի անվամբ բացված բանկային հաշվին (այսուհետ՝ բանկային հաշիվ) փոխանցելու եղանակով:

3. Բանկային հաշիվը՝

1) բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ժողովի (այսուհետ՝ սեփականատերերի ժողով) կողմից սահմանված կարգով հաստատված, տվյալ բազմաբնակարան շենքի պահպանմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների դիմաց կատարվող ծախսերի սպասարկման հաշիվ է,

2) բացվում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ղեկավարի անվամբ (այսուհետ հաշվետեր)՝ անժամկետ:

4. Բանկային հաշվին առկա գումարի նկատմամբ հաշվեգրվում են տոկոսներ՝ գումարը մուտքագրելու հաջորդ օրվանից մինչև այն հաշվետիրոջը վերադարձնելու կամ հաշվետիրոջ հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:

5. Բանկային հաշվի գումարները հանդիսանում են բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն:

6. Բանկային հաշվում ներդրված միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաշվետիրոջ պարտավորությունների դիմաց կամ հաշվետիրոջ սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:

II ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7. Բանկային հաշիվը բացվում է շենքի շինությունների սեփականատերերի կողմից ընտրված բանկում՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ի» կետի համաձայն սեփականատերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշման հիման վրա:

8. Կառավարման մարմնի ղեկավարը սույն կարգի 7-րդ կետի համաձայն որոշումն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում համապատասխան բանկին ներկայացնում է բանկային հաշիվ բացելու վերաբերյալ դիմում՝ կցելով սեփականատերերի ժողովի արձանագրությունը և տվյալ բանկի կողմից պահանջվող այլ համապատասխան փաստատաթղթերը:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը բանկ ներկայացնելուց հետո 5 բանկային օրվա ընթացքում բանկի և շենքի կառավարման մարմնի ղեկավարի միջև կնքվում է բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագիր, որով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

10. Բանկային հաշվին միջոցները մուտքագրվում են համապատասխան վճարային փաստաթղթերը բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը, եթե այլ ժամկետ սահմանված չէ պայմանագրով:

11. Բանկային հաշվի բացումից հետո կառավարման մարմնի ղեկավարը իրականացնում է հաշվի վարում՝ շենքի պահպանման նպատակով իրականացվող աշխատանքների և միջոցառումների համար բանկային հաշվին մուտքագրված և դուրս գրված դրամական միջոցների հոսքերի հաշվառման միջոցով, հետևյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հիման վրա՝

1) շենքի պահպանմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների իրականացման նպատակով շենքի շինության սեփականատերերի կողմից կատարված վճարների և վճարման պարտավորության չկատարման հետ կապված պարտքի, ինչպես նաև չկատարած պարտավորության դիմաց վճարված տույժի չափի,

2) շենքի պահպանմանն ուղղված միջոցների հաշվին իրականացված աշխատանքների (այդ թվում, մատուցված ծառայությունների և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նորոգման) դիմաց կատարված ծախսերի չափի,

3) մատուցված ծառայությունների և (կամ) կատարված աշխատանքների դիմաց առաջացած պարտքի չափի,

4) շենքի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացման համար ներգրավված վարկային միջոցների (նշելով դրանց տոկոսադրույքը), տրամադրված պետական կամ համայնքային դրամաշնորհների, սուբսիդիաների, ինչպես նաև ներգրավված վարկերի և փոխառությունների մարման վերաբերյալ:

12. Կառավաման մարմնի ղեկավարի կողմից սույն կարգի 11-րդ կետի համաձայն բանկային հաշվի վարումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով՝ շենքի յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ միջոցների նկատմամբ առանձին:

13. Շենքի յուրաքանչյուր սեփականատեր կարող է շենքի կառավարման մարմնի ղեկավարից, ինչպես նաև համապատասխան բանկից ստանալ տեղեկատվություն, (քաղվածք) բանկային հաշվի բոլոր գործարքների (հաշվում հաշվարկված գումարների, հաշվից ըստ ուղղությունների ծախսված գումարների, գումարների մնացորդի չափի և այլն) վերաբերյալ: Սույն կետի համաձայն տեղեկատվության մասին քաղվածքը բանկը կարող է տրամադրել նաև կառավարման մարմնի ղեկավարի, ինչպես նաև համայնքի և բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի լիազորված պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով:

14. Հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը (քաղվածքը) տրամադրվում է պահանջը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում, պահանջով նախընտրած տարբերակով՝ էլեկտրոնային փոստի միջոցով կամ փոստով:

15. Հաշվի վերաբերյալ տեղեկատվությունն (քաղվածքը) ստացած անձի կողմից հաշվի հետ կապված գործողություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվությունը (քաղվածքը) տրամադրած կողմին կարող է 3 բանկային օրվա ընթացքում գրավոր դիմումի տեսքով ներկայացվել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկում չստանալու դեպքում տեղեկատվությունը (քաղվածքը) համարում է ընդունված: Տեղեկատվությունը (քաղվածքը) տրամադրած կողմը սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը ընդունում է կատարման` իրականացնելով վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողություններ:

III ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

16. Բանկային հաշվի մուտքերը ձևավորվում են բազմաբնակարան շենքի`

1) շինությունների սեփականատերերից պարբերաբար գանձվող՝ շենքի պահպանման պարտադիր նորմերի գծով պարտադիր վճարներից և պարտադիր վճարներից դուրս այլ վճարներից,

2) ընդհանուր բաժնային սեփականությունն օտարելու կամ այն վարձակալության (օգտագործման) հանձնելու դիմաց ստացված եկամուտներից,

3) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքում տեղադրված գովազդի դիմաց կատարված վճարներից,

4) ընդհանուր բաժնային սեփականության տիրապետման, օգտագործման և տնօրինման ընթացքում ստացված եկամուտներից,

5) անվտանգ շահագործման ապահովման նպատակով պետության կամ համայնքի կողմից տրված սուբվենցիաներից, սուբսիդիաներից և դոտացիաներից,

6) պարտադիր վճարների չկատարած պարտավորության դիմաց գանձվող տույժերից,

7) բանկային հաշվում առկա գումարների նկատմամբ հաշվեգրված տոկոսներից,

8) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

17. Ընթացիկ տարվա համար պարտադիր վճարները կատարվում են տասներկու հավասար բաժիններով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Վճարներն ուշացնելու դեպքում ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրվանից սկսած, յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձվում է տույժ՝ չկատարած պարտավորության 0.05 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի քան 180 օրվա համար:

18. Շինությունների սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի իրականացման համար պարտադիր վճարման ենթակա գումարի վճարումը սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում, ինչպես նաև պարտադիր վճարներից դուրս սեփականատերերի ժողովի կողմից որոշված վճարները երեք անգամ չկատարելու կամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինը դրա բռնագանձման համար դիմում է դատարան` մինչ այդ պատճաշ ծանուցելով պարտատիրոջը:

19. Բանկային հաշվին փոխանցված գումարների տնօրինման ուղղություններն են՝

1) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսեր,

2) ընդհանուր բաժնային սեփականության գույք հանդիսացող շինության վերակառուցման ու վերանորոգման ծախսեր,

3) ընդհանուր բաժնային սեփականության արժեքի ավելացմանն ուղղված ծախսեր,

4) ստացված վարկերի կամ փոխառությունների մարման դիմաց վճարումներ կատարելու համար միջոցների դուրսգրում, վարկերի օգտագործման տոկոսների վճարում, վարկային միջոցների ներգրավման համար երաշխիքներ ստանալու ծախսերի վճարում,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսերի ֆինանսավորում,

6) շենքի կառավարման մարմնի պահպանման ծախսեր (փոստային, կապի, տպագրական, գրասենյակային պիտույքներով ապահովման և այլն),

7) հաշվից մի մաս միջոցները որպես ավանդ (դեպոզիտ) այլ հաշվում տեղաբաշխում,

8) ուժի մեջ մտած դատարանի որոշման կատարմանն ուղղված ծախսերի վճարում,

9) բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ժողովի կողմից հաստատված այլ ծախսերի ֆինասավորում:

20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ուղղություններով բանկային հաշվի ելքագրումն իրականացվում է հաշվետիրոջ կարգադրության կամ գործառնությունները հաստատող անդորրագրի հիման վրա՝ հաշվետիրոջ կամ այլ անձի նույն բանկում կամ այլ բանկում առկա հաշվին անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով: Ելքագրումն իրականացվում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե այլ ժամկետ նախատեսված չէ հաշվի պայմանագրով:

21. Սույն կարգի 19-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ուղղությամբ բանկային հաշվի ելքագրման ժամանակ՝ բացի սույն կարգի 20-րդ կետով նախատեսված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

1) շինությունների սեփականատերերի ընդհանուր ժողովի այն որոշման արձանագրության պատճենը, որով ժողովի կողմից ընդունվել է որոշում վարկային կամ փոխառության պայմանագիր կնքելու մասին՝ վարկատուի, վարկի գումարի և նպատակի նշումով,

2) վարկային կամ փոխառության պայմանագրի պատճենը:

22. Առանց հաշվետիրոջ կարգադրության` սույն կարգի 19-րդ կետով սահմանված ուղություններով գործառնությունները կարող են իրականացվել դատարանի վճռի հիման վրա, ինչպես նաև բանկային հաշվի կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում:

23. Կառավարման մարմնի գործունեությունը դադարելու դեպքում մեկ ամսվա ընթացքում սեփականատերերի ժողովի կողմից ընդունվում է որոշում՝ նոր հաշվետեր՝ կառավարման մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին:

24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված որոշման ընդունման պահից հաշվի նախկին հաշվետիրոջ բոլոր իրավունքներն ու պարտականությունները (այդ թվում բանկի հետ կնքված պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև հաշվում առկա միջոցների հաշվին վարկային և (կամ) փոխառության պայմանագրերի համաձայն համապատասխան վարկի և (կամ) փոխառության մարման) փոխանցվում են նոր հաշվետիրոջը:

25. Մինչև նոր հաշվետեր ընտրելու մասին որոշման ընդունումը նախկին հաշվետերն ապահովում է բանկի հետ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պայմանագրի համաձայն պարտավորությունների պատշաճ կատարումը:

26. Նոր հաշվետեր ընտրելու մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում նախկին հաշվետերը փոխանցում է, իսկ նոր հաշվետերն ընդունում է հաշվի բացման և վարման հետ կապված բոլոր փաստաթղթերը, ներառյալ բանկի հետ հաշվի սպասարկան բացման կնքած պայմանագիրը:

27. Սույն կարգի 23-րդ կետի համաձայն շենքի բանկային հաշվետիրոջը՝ կառավարման մարմնի ղեկավարին փոխելու մասին որոշում ընդունելու դեպքում բանկի հետ կնքված բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանգիրը մնում է ուժի մեջ և պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են նոր հաշվետիրոջը: Ընդ որում, պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները նոր հաշվետիրոջը փոխանցելը չի կարող հիմք հանդիսանալ մինչ այդ հաշվում շենքի պահպանման աշխատանքների իրականացման նպատակով արդեն իսկ ստացված վարկերի կամ փոխառությունների մարման նպատակով հաշվում առկա միջոցների նկատմամբ վարկատուի կամ փոխատուի իրավունքների դադարեցման կամ փոփոխման համար:

IV ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ

28. Բազմաբնակարան շենքը պահպանելու և կառավարելու կապակցությամբ առաջացող վնասները և այլ անկանխատեսելի ծախսերը, մասնավորապես վթարները կանխելու և վերացնելու, անհետաձգելի նորոգումների, տուգանքների, երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունը վաղաժամկետ մարելու, արժեքների և սակագների չպլանավորված բարձրացումը փոխհատուցելու նպատակով սեփականատերերի ժողովի կողմից կարող է ընդունվել որոշում բանկային հաշվին փոխանցվող պարտադիր վճարներից պահուստային ֆոնդ ձևավորելու և սույն կարգի 19-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն որպես ավանդ (դեպոզիտ) այլ հաշվում տեղաբաշխելու վերաբերյալ:

29. Պահուստային ֆոնդը ձևավորվում է.

1) սեփականատերերի կողմից կատարվող պարտադիր վճարների մասից՝ սեփականատերերի ժողովի որոշմամբ սահմանված չափով (տոկոսային կամ անվանական գումարի տեսքով),

2) սեփականատերերի պարտադիր վճարների տոկոսներից,

3) ընդհանուր բաժանային սեփականության գույքի նկատմամբ կնքված գործարքներով ստացված միջոցներից,

4) գերահաշվարկներից մնացած միջոցներից,

5) օրենքով չարգելված այլ միջոցներից:

30. Սույն կարգի 28-րդ կետի հիմքով սեփականատերերի ժողովի կողմից ընդունված որոշման հիման վրա հաշվետերը բանկային հաշվում առկա միջոցներից կատարվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարները տեղաբաշխում է հատուկ դեպոզիտին հաշվին՝ բանկի հետ կնքվող դեպոզիտային պայմանգրի հիման վրա:

31. Դեպոզիտային հաշվին տեղաբաշխված միջոցների չափը սահմանվում է սեփականատերերի ժողովի կողմից՝ տվյալ բազմաբնակարան շենքի տարեկան բյուջեով և այդ միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակով:

32. Դեպոզիտային հաշվին տեղաբաշխված միջոցները վարում է հաշվետերը և դրա վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում սեփականատերերին, ինչպես նաև սեփականատիրոջ պահանջով ներկայացնում է պահուստային ֆոնդի մասին տեղեկություններ, քաղվածքներ:

V ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՓԱԿՈՒՄԸ

33. Բանկային հաշվի բացման պայմանագիրը կարող է լուծվել՝

1) հաշվետիրոջ դիմումի հիման վրա՝ սեփականատերերի ժողովի կողմից շենքի բանկային հաշվի սպասակման համար այլ բանկ ընտրելու մասին որոշում ընդունելու դեպքում,

2) պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

34. Բանկային հաշվի բացման պայմ

35. անագրի լուծումը հիմք է կառավարման մարմնի ղեկավարի անվամբ բացված բանկային հաշիվը փակելու համար:Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված հիմքով հաշվի փակման դեպքում սեփականատերերի ժողովի որոշումն ընդունվելուց հետո 10-օրյա ժամետում նախկին հաշվետիրոջ կողմից ներկայացվում է դիմում հաշվի փակման և հաշվում առկա դրամական միջոցների մնացորդն այլ հաշվին փոխանցելու մասին: Եթե նշված ժամկետում նախկին հաշվետիրոջ կողմից հաշվի փակման և հաշվում առկա միջոցների մնացորդը այլ հաշվի փոխանցելու մասին դիմում չի ներկայացվում, ապա շենքի շինության յուրաքանչյուր սեփականատեր կարող է այդ պահանջով դիմել դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել