Պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխութուններ են կատարվել

Ապրիլի 30-ից ուժի մեջ են մտնում Պետական նպաստների, կենսաթոշակների ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունները։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել 15-րդ հոդվածի (Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը) 5-րդ կետում, որի համաձայն կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 26 տարեկան զավակի (նախկինում՝ 23 տարեկան)` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել 31-րդ հոդվածի (Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքը) 1-ին մասում, որի համաձայն, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող`

1) 18 տարին չլրացած երեխան` մինչև 18 տարին լրանալը.

2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը` մինչև 26 տարին լրանալը (նախկինում՝ 23 տարեկան).

3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում էլ 3 փոփոխություն է կատարվել, կրկին վերանայելով քաղաքացու տարիքը՝ 23-ից դարձնելով 26 տարեկան, 3 հոդվածներում ․

Հոգված 42․ Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը և գործուղելը, պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը ժամանակավորապես կասեցնելը․

Պայմանագրային զինծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ծառայության նոր վայր տեղափոխվում է հավասար պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց զինծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, անչափահաս, մինչև 26 տարեկան` սովորող կամ հաշմանդամություն ունեցող երեխա, խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող անաշխատունակ անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է։

Հոդված 64․ Զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը

Զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.

2) անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը

Հոդված 70․ Զինծառայողների կենսաթոշակային ապահովությունը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, առանձին կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի իրավունքը

Զոհվածի ընտանիքի անդամ են համարվում զոհվածի`

1) ծնողները, ամուսինը.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել