Քրեակատարողական ծառայողը` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի «առաքիչ»

2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։

Մասնավորապես Հ. Զ.-ի կոշիկներում հայտնաբերվել է 120,29 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցների նմանվող նյութերով 7 փաթեթ, այդ թվում` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 6 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման հատիկավոր զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 6,1, 44,79 և 49,54 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ, 6,64 և 6,39 գրամ քաշերով անհայտ ծագման սպիտակ, կլոր 70 դեղահաբ, ինչպես նաև հաշիշի յուղի նմանվող, 10,7 գրամ քաշով շագանակագույն, քսուքանման զանգված։

Եվս 61,39 գրամ ընդհանուր քաշով փաթեթ հայտնաբերվել է Հ. Զ.-ի գոտկատեղում, որում առանձնացված փաթեթներով եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7,88 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, սուբուտեքս տեսակի թմրամիջոց պարունակող, «Buprenorphin 10 mg/h» մակնշմամբ, գործարանային փաթեթավորմամբ մաշկային կպչուն 2 ժապավեն, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, 3,41 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգված, 22,68 գրամ քաշով, անհայտ ծագման սպիտակ, կլոր 148 դեղահաբ, 21,37 գրամ ընդհանուր քաշով հոգեմետ նյութ պարունակող «Прегабалин канон» մակնշմամբ («Լիրիկա» տեսակի) դեղին և շագանակագույն 45 դեղապատիճ, ինչպես նաև 2 բջջային հեռախոս։

Հայտնաբերվածի կապակցությամբ Հ. Զ.-ն հայտարարել է, որ դրանք պատրաստվել է փոխանցել քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի երկու դատապարտյալների։

Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով նախաքննություն կատարելու համար կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել