Ապրիլի 21-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID19) համավարակի ընթացքում իմունականխարգելման միջոցառումների իրականացման մեթոդական ուղեցույցը։
Կորոնավիրուսային հիվանդության (այսուհետ՝ COVID-19) գլոբալ տարածման և համավարակի առաջացման արդյունքում առկա է իմունականխարգելման գործընթացի պլանային միջոցառումների խափանման ռիսկ՝ պայմանավորված ինչպես առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, պատվաստումների պահանջարկի նվազմամբ, այնպես էլ բնակչության տեղաշարժի սահմանափակումներով:
Իմունականխարգելման գործընթացի դադարեցումը, նույնիսկ կարճաժամկետ, կբերի հիվանդությունների նկատմամբ ընկալ բնակչության քանակի ավելացման և կբարձրացնի կառավարելի վարակիչ հիվնադությունների (այսուհետ՝ ԿՎՀ) բռնկման առաջացման ռիսկը (օրինակ, կարմրուկ, կապույտ հազ և այլն):
ԿՎՀ-ի բռնկումները կարող են բերել հիվանդացության և մահացության աճի, հատկապես վաղ հասակի երեխաների և ռիսկի խմբերի անձանց շրջանում, և կառաջանա ավելի մեծ բեռ առողջապահական համակարգի համար, որն արդեն իսկ ծանրաբեռնված է COVID-19 հիվանդությամբ պայմանավորված միջոցառումներով:
ԿՎՀ-ի բռնկումների առաջացման հավանականությամբ պայմանավորված ապահովվում է իմունականխարգելման գործընթացի շարունակականությունը, անխափանությունը և անվտանգ պայմաններում իրականացումը:
Հիվանդությունների նախկին բռնկումները շեշտադրում են կարևորագույն առողջապահական ծառայությունների, այդ թվում իմունականխարգելման, մատուցմանն օժանդակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև համայնքների արդյունավետ ներգրավումը ծառայությունների պլանավորման և մատուցման գործընթացում:
Մեթոդական ուղեցույցում ներառված են COVID-19-ի համավարակի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) Իմունականխարգելման ռազմավարական խորհրդատվական փորձագետների խմբի կողմից իմունականխարգելման վերաբերյալ առաջարկությունները:
Մեթոդական ուղեցույցը լրացվում է ԱՀԿ-ի կողմից առաջարկված COVID19-ի հետևանքների մեղմացման և արձագանքման միջոցառումների վերաբերյալ մի շարք տեխնիկական փաստաթղթերով:
Իրականացվում է ռիսկերի գնահատում՝ հիմք ընդունելով COVID-19-ի տեղական փոխանցման շարժընթացը, իմունականխարգելման համակարգի և առողջապահական համակարգի բնութագիրը, ինչպես նաև ԿՎՀ-ի առումով առկա իրավիճակը:
Կանխարգելիչ պատվաստումներ իրականացնող բուժաշխատողն ապահովվում է ձեռքերի հիգիենան՝
1) Նախքան բուժառուին մոտենալը,
2) Նախքան ցանկացած միջամտություն իրականացնելը,
3) Կենսաբանական հեղուկների հետ շփումից հետո,
4) Բուժառուին դիպչելուց հետո,
5) Բուժառուի իրերին դիպչելուց հետո:
Ձեռքերի հիգիենան ձեռքերի լվացումն է օճառով և ախտահանումը համապատասխան ախտահանիչ նյութերով (60%-ից 80% սպիրտ պարունակող նյութեր):
Բուժաշխատողը ձեռքերով չի դիպչում աչքերին, քթին, բերանին:
Բուժաշխատողը հազալիս կամ փռշտալիս ապահովում է անձեռոցիկի կամ արմունկի կիրառմամբ բերանի փակումը, անձեռոցիկի անմիջապես նետումը աղբաման:
Բուժաշխատողը կրում է բժշկական դիմակ:
Սուր շնչառական վարակներին բնորոշ կլինիկական նշանների դեպքում բուժաշխատողն ինքնամեկուսանում է և դիմում բժշկի:
COVID-19-ով հիվանդների պատվաստումներն իրականացվում են կլինիկական երևույթների բացակայության դեպքում և եթե առկա է բացասական արդյունքով երկու լաբորատոր հետազոտություն՝ 24 ժամ ընդմիջումով, եթե չկա լաբորատոր հետազոտություն իրականացնելու հնարավորություն, ապա կլինիկական երևույթների բացակայությունից 14 օր հետո:
COVID-19-ով հիվանդի հետ շփված անձանց պատվաստումներն իրականացվում են, եթե վերջին շփումից հետո անցել է 14 օր և շփված անձի մոտ չի դիտվել որևէ կլինիկական երևույթ:
Ուղեցույցն ամբողջությամբ՝ այստեղ։