Խորապես ցավում ենք Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի զավակ, բարերար Ասո Թավիթյանի մահվան լուրի առիթով

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ցավակցական հեռագիրը հայազգի բարերար, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Խորապես ցավում ենք հայազգի մեծ բարերար և նվիրյալ, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի մահվան լուրի առիթով:

Ի թիվս ՀՀ պետական կառավարման մի շարք այլ գերատեսչությունների` Ասո Թավիթյանի ազգանվեր գործունեությունից անմասն չի մնացել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտը, որտեղ պատվով իրենց ծառայությունն են իրականացնում «Թավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի մի շարք շահառուներ: Նրա աջակցության շնորհիվ նաև ՀՀ ԶՈՒ անձնակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ համատեղ նախաձեռնած դասընթացների շրջանակներում հնարավորություն են ստացել Հայաստանում ծանոթանալ ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային անվտանգության ոլորտի հեղինակավոր մասնագետների առաջադեմ տեսլականներին և մոտեցումներին:

Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի զավակի` Ասո Թավիթյանի հայրենանվեր գործունեությունը, ազգային իղձերի ու նպատակների շուրջ մարդկանց համախմբելու, ուժեղ պետություն կառուցելու ձգտումն է նաև բացառում նման ոճրի կրկնությունը։ Վստահ եմ, որ Ասո Թավիթյանին երբևէ հանդիպած մարդիկ մշտապես հավատարիմ կմնան նրա պատգամին` ի նպաստ մեր հայրենիքի բարօրության և հզորության:

Ասո Թավիթյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ասո Թավիթյանի հարազատներին ու մերձավորներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել