Ատրճանակներ, նռնակներ, փամփուշտներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 20-ին բաժին եկած Ճամբարակի 26-ամյա բնակիչը կամավոր հանձնեց ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։ Երիտասարդի հայտնածով՝ ատրճանակը պատկանել է հանգուցյալ պապին։

Կողբ գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր 5,6 մմ տրամաչափի գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակը։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարզի բնակիչներից մեկը քաղաքի արտադրամասերից մեկի պարսպի մոտ թողել է գործարանային համարով որսորդական հրացան, որը ձեռք էր բերել տարիներ առաջ։

49-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքում կամավոր հանձնել է նռնակներ, 10-ից ավելի պայթուցիչներ, պայթուցիկ սարքեր, ազդանշանային լուսարձակներ և այլն։ Տղամարդու հայտնածով` դրանք գտել է ավտոտնակը մաքրելիս։
Ապարանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Նիգավան գյուղի 29-ամյա մի բնակիչ Ապարանի բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով Ֆ-1 տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ և ինքնաձիգի պահունակ։ Նրա հայտնածով՝ հանգուցյալ հորը պատկանած զինամթերքը գտել է գոմը մաքրելիս։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել