Կորոնավիրուսով հիվանդ 10 ծայրահեղ ծանր պացիենտ կա, մոտ 230 հիվանդ թոքաբորբ ունի, արհեստական շնչառական սարքերը միացված են 5 հիվանդի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ նրանցից մեկն է, որ բավականին երիտասարդ է՝ 27 տարեկան։ «Ունի էլի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ իր վիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել: Մնացած մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը, ըստ էության, մոտավորապես նույնն է, պարոն վարչապետ, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը բաժանած ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունը դեռ այնպիսին չէ, որ խոսենք, օրինակ, այլ տարբերակի անցնելու մասին, երբ թեթև դեպքերը տանը կմնան, այսինքն՝ դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը՝ հյուրանոցային պայմաներում պահելու համար: Սակայն հաշվի առնելով նաև նոր տնտեսական գործունեության տեսակների աշխատանքի թույլտվությունը՝ պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք, և բոլորս՝ թե՛ մեր ազգաբնակչությունը և թե՛ մենք՝ որպես պետական կառավարում, բոլոր գործողությունները շարունակենք, այսինքն՝ թուլանալու կամ զգոնությունը կորցնելու առիթներ չունենք այս առումով»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում