Հրապարակվել են խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:

«Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի Հանրապետության օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան:

Անօդաչու թռչող սարքի բեկորները կհրապարակենք ավելի ուշ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր՝ ապրիլի 22-ին, նախարարութունը հրապարակել է անօդաչու սարքի լուսանկարները․ «Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել