Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 21-ին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հետևյալ սահմանափակումները կիրառելու վերաբերյալ։
Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և
տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սա գործելու է մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը՝ ժամը 23։59-ը:
Այսօր՝ ապրիլի 22-ին, պարետի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել այս սահմանափակման հետ կապված, որի համաձայն բացառության կազմում ավելացել են նաև․ «Գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ու «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի, «Էկոկաթ» ընկերության աշխատակիցների և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթ մթերողների տեղաշարժի, Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության» մասնակիցները:
Նշվում է նաև, որ գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթի մթերման նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրվում է միայն Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում:
«Էկոկաթ» ընկերության և «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների ելքն ու մուտքը թույլատրվում է միայն Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված գործատուի տեղեկանքի առկայության դեպքում:
Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Վարդենիս համայնքի ներսում սահմանվել են վերակարգեր և բացառվել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Վարդենիս համայնքի վարչական սահմաններում: