Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է, որ բոլոր պահանջներին համապատասխան, պատրաստված դուրս է եկել տնից, բայց՝ տուգանվել։
«Որքան հասկանում եմ՝ 100-200 հազար դրամի չափով։ Բոլոր պահանջներին համապատասխան, պատրաստված դուրս էի եկել տնից, բայց տուգանվեցի։ Որքան հասկանում եմ՝ 100-200 հազար դրամի չափով։
Գնումներ կատարելու նպատակով, որպես կանոն, դուրս ենք գալիս շաբաթը մեկ։ Չհաշված, իհարկե, բակի խանութ՝ հացի-մացի այցելությունները։ Վերջին անգամ դուրս էինք եկել ապրիլի 14-ին։
Այսօր սատանան մեզ բզեց դուրս գալ եւ գնումների համար մեկնել 3-րդ մասի հրապարակում գտնվող «Վան» սուպերմարկետ։ Արագ իմ ու կնոջս հեռախոսներում ինքս իմ ձեռքով լրացրեցի տեղաշարժման թերթիկների էլեկտրոնային տարբերակները ու 14։30-ին, երբ անձրեւը դադարեց, մեկնեցինք։
Խանութի մոտ մոտեցան ոստիկանները եւ պահանջեցին ցույց տալ տեղաշարժման թերթիկները։ Ցույց եմ տալիս ու պարզվում է, որ կնոջս հեռախոսում թերթիկի ամսաթիվը չեմ փոխել, մնացել է հինը՝ ապրիլի 14։
Բացատրում եմ, որ, ամուսիններ ենք, միասին դուրս ենք եկել, թերթիկներում նշված է բնակության նույն հասցեն, դուրս գալու նույն ժամը, այցելության նույն վայրը եւ նույն նպատակը։ Ընդ որում հեռախոսներից մեկում այսօրվա ամսաթիվն է նշված։ Թյուրիմացություն է, պատահում է, գուցե չարձանագրե՞նք։ Բայց ոստիկանը անհաղորդ է եւ անհողդոտ։ Չի էլ լսում բացատրություններս, չի էլ փորձում հեռախոսներին հպանցիկ հայացք նետելով ստուգել խոսքերիս իսկությունը։ Խնդրում եմ, որ արձանագրությունը գոնե ոչ թե կնոջս, այլ իմ անունով կազմի։ Այս դեպքում զիջում է, իրավախախտ կնոջս անձնագրային տվյալների փոխարեն իմ տվյալներն է լրացնում։ (Վիրուսին մոլորեցրինք)։
Որքան հասկանում եմ՝ տեղաշարժման թերթիկի նպատակը պետք է ոչ թե ցանկացած գնով մարդուն տուգանելը, այլ հնարավոր հիվանդի շփման շրջանակը պարզելը եւ, մեծ հաշվով, վարակի տարածումը կանխելը լինի։
Արդյո՞ք մեզ մոտ եղած երկու հեռախոսներից մեկում թյուրիմացաբար ամսաթիվը չփոխելը տեղաշարժման կանոնների այնքան լուրջ խախտում է, որ 100-200 հազար դրամ պետք է արժենա։ Չեմ հավատում։
Եթե այս արձանագրության հիմքով ինձ տուգանեն, ապա ես, հաստատ, բողոքարկելու եմ։ Չեմ կարծում, թե դատարանը փաստարկս հիմնավոր չհամարի։
Երեւի վերջում պետք է հղում տամ պարոն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա։
Արդյո՞ք ոստիկանը պարտավոր չէ արձանագրություն կազմելուց առաջ կամ ընթացքում լսել քաղաքացու բացատրությունները, փորձել պարզել դրանց իսկությունը, ապա նոր, եթե պետք է, կազմել այն»,-նշում է նա։