Նախատեսվում է բոլոր տնտեսվարողներին արագացված ամորտիզացիայի գործիքի հնարավորություն ընձեռել․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով՝ նշելով, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:

Սակայն այդ ծախսագրումը (եկամտից նվազեցումը) տնտեսվարողները կարող են ոչ թե միանգամից ծախսագրել տվյալ հարկային տարում, այլ որոշակի ժամանակահատվածում` յուրաքանչյուր միավորի գծով: Այդ ժամկետները սահմանված են Հարկային օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով: Օրինակ` շենքերի եւ շինությունների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը 20 տարի է, արտադրական սարքավորումներինը` 5 տարի եւ այլն:

Նվազագույն ամորտիզացիոն ժամկետի տրամաբանությունը հարկաբյուջետային կանխատեսելիության տեսանկյունից հասկանալի է, սակայն մյուս կողմից` զրկում է ներդրողներին ճկունությունից եւ բացասաբար է ազդում նրանց իրացվելիության վրա: Հատկապես ներկայիս պայմաններում, երբ կորոնավիրուսի հետեւանքով տնտեսվարողների մոտ առաջացել է իրացվելիության խնդիր, իսկ տնտեսությունը ներդրումների կարիք ունի, անհրաժեշտություն է առաջացել թեկուզ ժամանակավորապես հնարավորություն տալ տնտեսվարողներին ավելի ճկուն գործել ամորտիզացիոն ծախսագրումների առումով:

Առաջարկվում է․

Հարկային օրենսգրքում արդեն կա բացառություն` ամորտիզացիոն մասհանումների հետ կապված: Մասնավորապես, կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն` տնտեսվարողը ծախսագրումները կատարում է ոչ թե ընդհանուր կանոններով` ըստ սահմանված նվազագույն ժամկետների, այլ ինքնուրույն է որոշում այդ ժամկետը:

Նշվում է, որ նկարագրված մեխանիզմը` արագացված ամորտիզացիայի գործիքը, հաջողությամբ կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր երկրներում: Այսօր էլ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում որոշ երկրներ կիրառում են այն, մասնավորապես` (Գերմանիա, Ֆրանսիա):

Այսպիսով, առաջարկվում է նույն հնարավորությունը ընձեռել բոլոր տնտեսվարողներին, սակայն ժամանակավորապես` մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել