ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Տափերական համայնքում 43-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի 25-ամյա բնակչին:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկից «ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի վերին երրորդականի հրազենային վերք» ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր տեղափոխել 43-ամյա տղամարդը, որը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել էր:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքն ստացել է Տափերական համայնքի մշակույթի տան դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ՝ Արարատի մարզի 25-ամյա բնակչի կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: