Շիրակի մարզի դատախազության կողմից մարզի տարածքում արձանագրված հափշտակության դեպքերի և դրանց կապակցությամբ հարուցված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց որոշ մասը տեղի են ունեցել ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության հսկողության տակ գտնվող տարածքում:
Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, տարբեր քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության բաժիններ ահազանգեր և հանցագործության մասին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2019թ. դեկտեմբեր, հունվար ամիսներին արտերկրից ՀՀ քաղաքացիների կողմից գնված և Գյումրու Հյուսիսային մաքսատան տարածքում մաքսազերծման համար կայանված (առանձին դեպքերում հսկիչ պահակակետից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա) ավտոմեքենաներից նշված ժամանակահատվածում գողացել են տարբեր պահեստամասեր՝ սկսած լուսարձակներից, էլեկտրական մարտկոցներից մինչև շարժիչի հովացման մարտկոցի քողարկիչ, թափարգելի լուսարձակների պաշտպանիչ շրջանակներ և այլն՝ պատճառելով տարբեր չափերի նյութական վնասներ:
Մեկ դեպքում էլ մաքսատան պահեստային փակ շինությունից գողացվել է մաքսազերծման նպատակով քաղաքացու կողմից այնտեղ թողնված՝ պահեստամասերով 4 ծանրոցներից մեկը:
Նշված դեպքերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2020թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի տարբեր մասերով հարուցվել է 5 քրեական գործ, ևս մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության հիմքով:
Քրեական գործերի նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցում առկա են հանցագործության կատարման ձևի, եղանակի, ժամանակի, տեղի և հանգամանքների որոշակի ընդհանրություններ և օրինաչափություններ։ Նախ՝ ՊԵԿ-ից ստացված գրության՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում առկա են թվով 7 տեսախցիկներ, որոնք վերահսկում են ավտոմեքենաների կայանատեղին: Պարզվել է սակայն, որ վերջիններս ունեն սահմանափակ հիշողության տարողություն, ինչի պատճառով պահպանվել են միայն 2020թ. մարտի 22-ից 25-ի տեսագրությունները:
Հատկանշական է, որ նշված ավտոմեքենաների հսկողությունն իրականացվել է ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության անվտանգության աշխատակիցների կողմից, ովքեր, ըստ էության, իրենց աշխատանքային պարտականությունների գործառույթներն իրականացրել են խիստ թերի, նույնիսկ դրսևորել են ակնհայտ անգործություն։
Ընդ որում, այդ ավտոմեքենաների, պահեստում առկա գույքի պահպանության համար, ըստ գործերի նյութերում առկա տվյալների, ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վճարվել են նաև սահմանված գումարներ՝ յուրաքանչյուր մեքենայի համար օրական 1300 կամ 1600-ական դրամ, որոնց համար տրվել են կտրոններ: Սակայն այդ կապակցությամբ որևէ փոխադարձ պայամանգրեր կամ ժամանակավոր պահպանության վերցնելու երկկողմանի փաստաթղթեր չեն կազմվել և չեն կնքվել, ինչը պատասխանատվություն ստանձնելուց խուսափելու հնարավորություն է ստեղծել:
Պարզվել են նաև, որ ատոմեքենաների պահպանության համար նախատեսված բաց հրապարակները եղել են մատչելի այլոց կողմից անարգել մուտք գործելու համար, իսկ մաքսատան տարածքն ամբողջությամբ պարսպապատված չէ:
Առավել քան ուշագրավ է, որ հափշտակություն է կատարվել նաև փակ պահեստային շինությունում՝ պահեստի բանալիները անվտանգության աշխատակիցների մոտ լինելու, իսկ պահեստի մուտքի դուռը և փականը վնասված չլինելու պայմաններում։ Բացի այդ, պարզվել է, որ նշված պահեստի ներսում, որտեղից կատարվել է վերը նկարագրված ապրանքների գողությունը, բացակայել են տեսանկարահանող սարքերը։
Ելնելով մաքսատան տարածքում քաղաքացիների սեփականությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու և հանցագործությունները ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու հրատապ անհրաժեշտությունից՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն առկա իրավիճակի կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:
Մարզի դատախազը խնդրել է գործուն միջոցներ ձեռնարկել ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության անվտանգության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորելու, հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում առավել հետևողական լինելու ուղղությամբ:
Բարձրացվել է նաև իրենց աշխատանքում թերացած անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու, իսկ նրանց արարքներում ենթադրյալ քրեաիրավական բնույթի տարրեր պարզվելու դեպքում՝ իրավապահ մարմիններին դիմելու հարցը: Բացի այդ, առաջարկվել է հետագա հանցագործությունների կանխման նկատառումով ակտիվ քայլեր ձեռնարկել հատկապես քաղաքացիների գույքի պահպանության համար առանձնացված տարածքները տեսախցիկներով հագեցնելու, այնտեղ հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: