Ո՞ր դեպքերում է մերժվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումը․ ներկայացնում է նախարարը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնում է, թե որ դեպքերում է մերժվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը։

«Դիմումը մերժվում է, եթե․

-երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 12-ից 30-ը ներառյալ հանդիսացել է գրանցված աշխատող,

-երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (ԱՁ գործունեությունը մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել),

-երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը հանդիսացել է գրանցված աշխատող, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500.000 դրամը,

-ընտանիքը նպաստառու է (ընտանեկան նպաստ է ստացել նաև մարտ ամսին),

-երեխան և (կամ) ծնողները բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեի,

-ծնողները (միայնակ ծնողը) երեխայի (երեխաների) հետ նույն հասցեում հաշվառված չեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների,

-երեխան կամ դիմող ծնողը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չեն գտնվում ՀՀ-ում,

-երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,

-ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ երեխան կամ դիմող ծնողը մահացած են»։

Հավելենք, որ ապրիլի 16-ին՝ կառավարության նիստին, որոշում ընդունվեց այն մասին, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին 9-րդ միջոցառման շահառու արդեն կարող են հանդիսանալ նաև այն ընտանիքները, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել