Միհրան Ծառուկյանը, փոխանակ հասկանա և գիտակցի լրջությունը՝ փորձեց մեղադրել մեզ․ պատգամավորը՝ երգչի հետ ունեցած խոսակցության մասին

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է երգիչ Միհրան Ծառուկյանի չեղարկված ելույթի հետ կապված միջադեպին, որի մասին ավելի վաղ հայտնել էր պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։

«Երկար լռությունից հետո…
Այս թեմային երկար չեմ անդրադարձել՝ ելնելով «Մարդուն տալ իր սխալը գիտակցելու և շտկելու հնարավորություն» սկզբունքից: Սկզբունքը կգործեր այն դեպքում, երբ սուբյեկտը գիտակցում է իր քայլի նախ բարոյական կողմը, բայց արձանագրում եմ փաստ, որ ոչ միայն չեն գիտակցում, այլ նաև փորձում են դուրս գալ բարոյական բոլոր արժեքներից և գործում են այս կերպ:

Մեկ ամիս առաջ իմ գործընկեր Նարեկ Մկրտչյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որ Միհրան Ծառուկյանը չի վերադարձրել մեր սփյուռքահայի կողմից ընտանեկան արարողության համար կատարված կանխավճարը, որը կազմում է շուրջ 2000 ԱՄՆ դոլար:

Մինչև գրառումով կիսվելս՝ փորձեցի կապ հաստատել Լիլինա անունով պրոդյուսերի հետ, որպեսզի պարզեմ խնդիրը ողջ մանրամասներով, սակայն պրոդյուսերը չփորձեց անգամ լսել մանրամասները և խոսքիս կեսից անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց զանգերին:

Մի քանի օրից զանգահարեցի Միհրան Ծառուկյանին և մոտ մեկ ժամ զրուցեցի իր հետ  փորձելով բացատրել հարցի խորքայնությունը, բայց պարոն Ծառուկյանը՝ փոխանակ հասկանա և գիտակցի լրջությունը, փորձեց ավելին մեղադրել մեզ՝ այն է պատգամավորներիս, նման մանր հարցում ներգրավված լինելու մեջ (հայրենակցին քցելը մանր հարց է համարվում ) և սկսեց մեղադրել նաև մեզ իր «բարի» համբավը սևացնելու փորձի մեջ: Ավելի՛ն, նա արդարացրեց իր պրոդյուսերի վարքագիծը «Դե աղջիկ է, երբ իմացել է պատգամավոր է զանգել իրեն, խառնվել է իրար» արտահայտությամբ և նորմալ համարեց հեռախոսի անջատելը՝ խոսքի կեսից (Բարի համբավ, արժեքներ և այլն թողնում եմ ձեր դատողությանը):

Ավելին ասեմ, որ Միհրան Ծառուկյանը նախապես նաև մի տեքստ էր ուղարկել՝ իր ներկայացնելով մեր ընդհանուր լավ ընկերոջ միջոցով և պահանջել, որ այդ տեքստով ես և պատգամավոր Նարեկ Մկրտչյանը պետք է հայցենք իր ներողամտությունը և միայն այդ դեպքում ինքը կմտածի գումարը վերադարձնելու մասին: Անկեղծ ասած, պարոն Մկրտչյանի խնդրանքով՝ այդ տեքստը վաղուց չեմ հրապարակել և այդ առաջարկը ներկայացնողին չեմ ասել ասելիքս, հաշվի առնելով նաև այն, որ կա ինձ համար անհայտ, բայց կարծես մեզ ընդհանուր ընկերոջ խնդրանք, բայց երբ մարդիկ չունեն բարոյական և արժանապատիվ պահվածք , ապա ոչինչ ինձ չի խանգարում հրապարակավ սովորեցնել , որ ոչ միայն պետք է հարգեն ցանկացած մարդու, այլ նաև չփորձեն այլոց արժանապատվությունը ոտնահարելով՝ վերականգնեն իրենց «բարի» կոչված համբավը :

Ո՞րն է բարի համբավը, հարգելի Միհրան Ծառուկյան:

Արդեն մի քանի լրագրողներ փաստում են, որ այս հարցով փորձել են հեռազանգ ունենալ երգչի հետ, ով ասել է «սխալ եք զանգահարել», սակայն ակնհայտ է ձայնագրություններից, որ պատասխանողը հենց ինքն է, բայց եթե ասում է ինքը չի, պարտավոր ենք հարգել և հավատալ, ինչ արած՝ ձայնի նմանությունը դեռ «փաստ» չի, որ «տանը իսկապես մարդ չկա»:

Ստորև ներկայացնում եմ այն տեքստը, որը պարոն Ծառուկյանը ներկայացրել է, որ ես և իմ գործընկեր պարոն Մկրտչյանը պետք է հրապարակեինք և առաջարկում եմ նույն Միհրան Ծառուկյանին այս նույն տեքստով հրապարակավ հայցել բոլորիս ներողամտությունը, ինչպես նաև վերադարձնել սփյուռքում ապրող մեր հայրենակցից վերցրած ողջ գումարը, քանի որ մեկ մարդու կամ մեկ խմբի անպատասխանատու պահվածքը, չի կարող ամրագրել այն կարծրատիպը, որ «Հայաստանում մարդկանց խաբում են»: Հայաստանում մարդկանց մարդի՛կ չեն խաբում …
Հետևությունները թողնում եմ ձեզ, հարգելիներս: Նախազգուշացնում եմ նաև, որ ամեն մի ֆեյքային հարձակում, որն արդեն նախկինում տեղի է ունեցել , կլուծենք իրավական ճանապարհով»:

Նա նաև հրապարկել է Իրավաբան.net-ի հետ Նարեկ Մկրտչյանի հարցազրույցը՝ թեմայի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել