Այո, ես ստացել եմ «Գազպրոմից» իմ նամակի պատասխանը. փոխվարչապետը՝ գազի գինը նվազեցնելու հնարավորության մասին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է իր նամակի պատասխանը, որով առաջարկել էր բանակցություններ սկսել ռուսական գազի գինը սահմանին նվազեցնելու շուրջ։

«Ստացել եմ իմ նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» պատասխանել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո: Միաժամանակ, նամակում նշվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով»,-ասել է փոխվարչապետը:

Պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցն ուղղելիս նաև նշել էր․ «Ուզում եմ հիշեցնել, որ 2015-ին, երբ գինը սահմանին իջել է 189-ից 165 դոլարի, վերջնական սակագները չեն փոխվել և 5 տարվա ընթացքում մոտ 43 մլրդ դրամ մնացել է «Գազպրոմին»: Հիմա երբ իրենք փաստարկ են բերում, թե տուժում են, քանի որ գազի գինը 165 է, բայց 135-ի ռեժիմով են աշխատում, մենք ի՞նչ ենք ասում»:

Ի պատասխան Մհեր Գրիգորյանն ասել է. «Ինչ վերաբերում է 135-165 դոլար խնդրին, այո, կա նման խնդիր: Ես կուզեի, որ դուք հետեւեք հայտի քննարկման ընթացքում այդ խնդրի հետ կապված ընդհանուր վերաբերմունքին թե հայտատուի, թե հանձնաժողովի, որովհետեւ կարծում եմ՝ դրան անդրադարձ կլինի հայտի քննարկման ժամանակ: Դուք էլ առիթ կունենաք ձեր կարծիքն արտահայտե այդ հարցի վերաբերյալ: Այո, դա առանցքային խնդիր է հայտ ներկայացնելու հետ կապված ընդհանրապես: Որովհետեւ եթե այդ խնդիրը չլիներ, կարող է հայտի անհրաժեշտություն էր չլիներ»:

Փոխվարչապետն ընդգծեց, որ այո, հայտ ներկայացնելու մեջ կա ներդրումների լուրջ բաղադրիչ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա. «Մենք բոլորս պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք այդ ներդրումները, թե ոչ: Եթե ուզում ենք, ապա պատրա՞ստ ենք քննարկել սակագնի փոփոխման խնդիրը, թե ոչ: Եթե պատրաստ ենք, ինչ է լինելու տնտեսության ու ֆիզիկական անձանց համար:

Բայց սա մեր տեսանկյունի խնդիր է, որը բոլորս իմանալու ենք եւ տալու ենք մեր գնահատականները: Ի վերջո, որոշումներն էլ կայացվելու է Հայաստանի իրավազորության ներքո, այդտեղ խնդիր չունենք:

Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ չոր լինել, այսինքն կառուցողական չլինել… ի վերջո, «Գազպրոմ Արմենիան» հայկական ռեզիդենտ կազմակերպություն է եւ այդ իմաստով, այո, մենք պետք է ողջամիտ լինենք ու մեր ռեսուրսները մոբիլիզացնենք: Եթե համարում ենք, որ պետք է լինի գնային տարբերություն, ապա դա պետք է չեզոքացնենք սահմանին, ինչը փորձում ենք հիմա անել:

Ինչ-որ պահի այդ հարցը կդառնա միջկառավարական հանձնաժողովի օրակարգի հարց եւ հրապարակայնորեն կքննարկվի ու կարժանանա նաեւ ձեր վերաբերմունքին»,-նշել է փոխվարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել