ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշում է, որ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի իրավական համակարգը պատրաստ չէր այս մասշտաբի համաճարակին:
«Օրենսդրական գործիքներից «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998թ. օրենքը հնացած է, իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012թ. օրենքը լավագույն դեպքում թույլ է տալիս մեկ անգամ 1 (մեկ) ամսով երկարաձգել արտակարգ դրությունը (այս մասով էլ իրավաբանները տարբեր տեսակետներ ունեն): Չեմ անդրադառնում նաև իրավունքի մյուս ոլորտներում ծագած հարցերին (աշխատանքային, քրեակատարողական, քաղաքացիաիրավական):
Իսկ եթե համաճարակը շարունակվի… ի՞նչ է անելու իշխանությունը:
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՆՈՐ ՕՐԵՆՔ, թեկուզ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի բազայի վրա և հստակ կարգավորել համաճարակի կանխարգելման հետ կապված հարաբերությունները:
Ընդ որում, Սահմանադրության 25-րդ (Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը), 27-րդ (անձնական ազատությունը), 31-րդ (Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը), 32-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը), 33-րդ (Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը), 34-րդ (Անձնական տվյալների պաշտպանությունը), 40-րդ (Ազատ տեղաշարժվելու իրավունքը), 41-րդ (Մտքի, խղճի և կրոնի ազատությունը), 42-րդ (Կարծիքի արտահայտման ազատությունը), 44-րդ (Հավաքների ազատությունը) հոդվածներով երաշխավորված իրավունքները ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ միայն օրենքով` ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ:
Հետևաբար, պետությունը կարող է նոր օրենքով կարգավորել այս իրավիճակում պետական մարմինների և հասարակության վարքագիծը»: