ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմում են դեսպանությանը՝ իրենց օթևան տրամադրելու հարցերով։
«Միևնույն ժամանակ մեր ներկայացուցիչների, ինչպես նաև սոցցանցերի միջոցով տեղեկանում ենք, որ կացության հարցով դիմող բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են շարունակել մնալ իրենց մտերիմների/բարեկամների մոտ կամ վարձու բնակարաններում՝ նախընտրելով դիմել դեսպանությանը։
Մեզ են դիմում նաև քաղաքացիներ, ովքեր երկարաժամկետ բնակվում են ՌԴ-ի տարածքում և չունեն կացության հրատապ անհրաժեշտություն ու առաջին օգնության կարիք։
Մեկ անգամ ևս նշում ենք, որ հնարավոր կացարանով դեսպանության կողմից ապահովվում են այն ՀՀ քաղաքացիները, ովքեր Մոսկվա են ժամանել այլ քաղաքներից և չունեն օթևանելու վայր, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում Հայաստանից ժամանակավոր մեկնել էին ՌԴ։ Ընդգծենք նաև, որ այս ուղղությամբ աշխատանքների իրականացման նպատակով դեսպանությունը համագործակցում է Ռուսաստանի հայ համայնքային կառույցների հետ։
Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով խնդրում ենք, որպեսզի դեսպանությանը դիմող քաղաքացիները ներկայացնեն ամբողջական տեղեկատվություն՝ համապատասխան ստուգումն իրականացնելու նպատակով։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, թե դիմող քաղաքացին երբ է մուտք գործել ՌԴ տարածք, արդյոք հանդիսանում է երկքաղաքացի և մինչև դիմելու պահը որտեղ է բնակվել ու աշխատել։
Նշենք նաև, որ որոշ քաղաքացիներ հրաժարվել են Պոդոլսկ քաղաքում գտնվող կացարանից՝ պատճառաբանելով, որ վեց անձի համար նախատեսված սենյակ-համարները չեն եղել հարմարավետ։
Այս պարագայում հորդորում ենք ցուցաբերել որոշակի հարմարվողականություն՝ ելնելով առկա հնարավորություններից։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հյուրանոցների մեծ մասը, մասնավորապես՝ Մոսկվա քաղաքում փակ են այցելուների համար»,-նշել է նա։