Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, արտահերթ նիստին որոշում կընդունի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառման մասին։ Այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
- բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
- էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
Աջակցությունը տրամադրվում է նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:
Որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին Միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: