Հայր և որդի սպանել են զոհին, այնուհետև դիակից հանել հագուստները, դին գցել փոսի մեջ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հակոբ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Հակոբ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոր` Վաղարշակ Ա.-ի կողմից 2011թ. ամռանն Ալվարդ Ա.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը` խարդախությունը, թաքցնելու, միաժամանակ շահադիտական դրդումներով հափշտակած գումարն անարգել տնօրինելու նպատակով կատարված խարդախության մասին կասկածներ ունեցող Ալվարդ Ա.-ին և նրա ամուսնուն` Յուրիկ Ս.-ին առևանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել Վաղարշակ Ա.-ի հետ, որից հետո օգոստոսի 31-ին` ժամը 15-ի սահմաններում, Վաղարշակ և Հակոբ Ա.-ները Յուրիկ Ս.-ի վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևան քաղաքի Այգեստան X-րդ փողոցի թիվ X հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Յուրիկ Ս.-ին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Նշված շինությունում Հակոբ և Վաղարշակ Ա.-ները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել` սպանել են Յուրիկ Ս.-ին, որից հետո Հակոբ Ա.- ը, ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Ս.-նը սպանված է, Վաղարշակ Ա.-ի հետ Յուրիկ Ս.-ի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Գլխավոր դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել